Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Խոր ցավ ապրեցի՝ իմանալով տաղանդավոր արվեստագետ, դերասան և ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան մասին։
Հայրենադարձվելով Հայաստան՝ Մանարյանը շարունակեց Թեհրանում հայտնի դերասան ծնողների ավանդույթը, դարձավ տաղանդավոր արվեստագետների մի մեծ ընտանիքի նահապետը։
Երվանդ Մանարյանի գործունեությունը հագեցած մի թատերաշրջան էր, որը, ցավոք, ընդհատվեց։ Կյանքի իններորդ տասնամյակում էլ նա շարունակում էր ծրագրեր կազմել ու հավատարիմ մնալ ստեղծագործ մտածողությանը։
Երվանդ Մանարյանն իրապես ժողովրդական արտիստ էր, նա սիրելի և ընկալելի էր թե՛ մեծերի, թե՛ մանուկների կողմից: Նրա ստեղծած տպավորիչ կերպարները և թևավոր դարձած խոսքերը միշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ։
Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որոնք իմաստության ու մարդկայնության չկրկնվող դասեր էին»։
Երվանդ Մանարյանը վախճանվել է այսօր առավոտյան՝ կյանքի 96-րդ տարում։