Մատչելիության հղումներ

Վախճանվել է Երվանդ Մանարյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Երվանդ Մանարյանին, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Երվանդ Մանարյանին, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.

Կյանքի 96-րդ տարում, այսօր առավոտյան վախճանվել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Երվանդ Մանարյանը։

Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար, նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսին է «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը։

Երվանդ Մանարյանը հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան։

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում, 2018-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո՝ ժողովրդական արտիստի կոչում, 2019-ին էլ՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Մանարյանն այն եզակի արվեստագետներից էր, որ նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, երկար տարիներ մասնակցում էր ընդդիմության ցույցերին։

Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։

«Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը:

Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում։

«Երվանդ Մանարյանի գործունեությունը հագեցած մի թատերաշրջան էր, որը, ցավոք, ընդհատվեց։ Կյանքի իններորդ տասնամյակում էլ նա շարունակում էր ծրագրեր կազմել ու հավատարիմ մնալ ստեղծագործ մտածողությանը։

Երվանդ Մանարյանն իրապես ժողովրդական արտիստ էր, նա սիրելի և ընկալելի էր թե՛ մեծերի, թե՛ մանուկների կողմից: Նրա ստեղծած տպավորիչ կերպարները և թևավոր դարձած խոսքերը միշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ իր ուղերձում մասնավորապես գրել է Արմեն Սարգսյանը։

XS
SM
MD
LG