Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել է փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին:
Երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:
Կրկյաշարյանը մահացած զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։
20-ամյա զինծառայող Տիգրան Մխոյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։