Ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան թուրքական դատարանի կողմից արդարացվելուց վեց ժամ անց կրկին ձերբակալվեց: Նախօրեին Ստամբուլի Սիլիվրի կալանավայրում դեպքերը դրամատիկ ընթացք ունեցան:
Նախ դատարանն արդարացրեց Քավալային և նրա հետ նույն դատական գործով անցնող 15 մեղադրյալներին, որոնցից 7-ը արտերկրում են գտնվում: Նրանց թվում էր նաև Գերմանիայում ապաստանած թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարը:
«Դատարանի դահլիճը ցնցվեց ծափահարություններից, երբ հրապարակվեց դատավճիռը, ներկաներից ոմանք չէին կարողանում զսպել արցունքները», - գրում են թուրքական պարբերականները: «Իհարկե, այսօրվա որոշումն արդարացի էր, բայց սա ամոթալի գործընթաց էր: Մենք տեսանք, որ Թուրքիայի արդարադատության համակարգը վերածվել է թյուրիմացության, դաժան թատրոնի», - Reuters լրատվական գործակալությանն ասել էր Human Rights Watch-ի Թուրքիայի գրասենյակի տնօրենը:
Ուրախությունը, սակայն, երկար չտևեց: Կալանավայրի դիմաց Քավալային սպասող հարազատներն ու ընկերները մեծ հիասթափություն ապրեցին, երբ արդարացման որոշումից ժամեր անց հայտնի դարձավ, որ հանրապետական դատախազությունը Քավալային կրկին ձերբակալելու վճիռ է կայացրել, այս անգամ՝ 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում:
«Հինգ ժամ է սպասում ենք, թե երբ է դուրս գալու Օսման Քավալան: Այս հինգ ժամվա ընթացքում մի շարք պետական կառույցների միջև պայքար է գնացել, և նոր շինծու մեղադրանք է առաջադրվել: Վստահ եմ, որ Քավալայի ազատման ու ձերբակալման որոշումները նախագահ Էրդողանինն են», - Reuters-ի հետ զրույցում նշել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Թուրքական քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներից Օսման Քավալան առաջին անգամ ձերբակալվել էր 2017 թվականի հոկտեմբերին՝ 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած Գեզի այգու դեպքերի գործով, և մեղադրվում էր Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի մեջ: Դատարանը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել: Amnesty International-ը, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս կոչ էին արել ազատ արձակել Քավալային՝ նրա կալանավորումը համարելով անօրինական:
Անցած տարվա դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս թուրքական իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատել թուրք գործչին՝ արձանագրելով՝ ապօրինաբար սահմանափակվել է նրա ազատությունը:
840 օր ճաղերի հետևում անցկացրած Քավալան երեկվա իր պաշտպանական խոսքում, հիշատակելով միջազգային դատարանի որոշումը, իրեն առաջադրված մեղադրանքը «դավադիր հորինվածք» էր որակել: