Մատչելիության հղումներ

Թուրք հասարակական գործչի ձերբակալությունը մտահոգել է միջազգային հանրությանը


Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել նախօրեին Ստամբուլի օդանավակայանում հայտնի հասարակական, մշակութային գործիչ, թուրք գործարար Օսման Քավալայի ձերբակալությանը:

«Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ Օսման Քավալան հինգշաբթի գիշերը բերման էր ենթարկվել Գազիանթեփից վերադառնալիս Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Ոստիկանները նաև խուզարկել են «Անադոլու Քյուլթուր»-ի գրասենյակը և առգրավել Քավալայի ու նրա քարտուղարի համակարգիչները:

Թուրքական «T24» լրատվականի փոխանցմամբ, Քավալայի փաստաբան Ֆերաթ Չաղըլը հայտնել է, որ նրա ձերբակալությունը 7 օր կտևի: Չաղըլը, սակայն, հստակ տեղեկություններ չի հաղորդել Քավալայի ձերբակալության պատճառների մասին:

Ոստիկանության պարզաբանմամբ, հետաքննությունը գաղտնի բնույթ է կրում: Հայտնի է նաև, որ իրավապահ մարմինները Քավալային հարցաքննելու են «հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ տեղի ունեցած որոշ հանդիպումների վերաբերյալ»:

Միևնույն ժամանակ Քավալայի կինը՝ Այշե Բուղրան հայտարարել է, որ սխալ է համարում վաղաժամ գնահատական տալ տեղի ունեցածին: Նա հույս է հայտնել, որ ամուսնու ձերբակալությունը սխալմունք է:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը մտահոգիչ է որակել Քավալայի ձերբակալությունը: Նա նշել է, որ Թուրքիայում ձերբակալված գիտնականների, լրագրողների, հասարակական գործիչների ու ակտիվիստների դատական գործերում բավարար ապացույցներ չկան, ինչը անհանգստության պատճառ է:

Թուրքիայի քաղաքացիական հասարակության կարկառուն ներկայացուցիչներից Օսման Քավալայի ձերբակալությանը արձագանքել է նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը: Ֆրանսիական արտաքին գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ ուշադիր հետևելու են այս գործի զարգացումներին՝ ասելով․ - «Ինչպես եվրոպական մյուս երկրները, Ֆրանսիան ևս մշտապես համագործակցում է Քավալայի հետ, որը Թուրքիայի մշակութային կյանքի և քաղհասարակության ամենից կարևոր և հարգված անուններից մեկն է»:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Պիրին իր թվիթերյան էջում գրել է, որ Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է Քավալայի ձերբակալությամբ: Նա նշել է, որ դիմելու է Եվրախորհրդարանին՝ նրան ազատ արձակելու կոչ անելու առաջարկով:

Քավալայի ձերբակալության լուրին ցավով են արձագանքել նաև Հայաստանի հասարակական կազմակերպությունները, որոնք քանիցս առիթ են ունեցել համագործակցելու Օսման Քավալայի հետ՝ բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակներում:

«Ֆրանս պրես»-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանը մասնավորապես նշել է․ - «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում մեր վաղեմի գործընկեր Քավալան մեծ ներդրում է ունեցել Թուրքիայում հայկական եկեղեցիների և հուշարձանների վերականգնման հարցում»:

Amnesty International-ի Թուրքիայի գծով հետազոտող Էնդրյու Գարդները Օսման Քավալայի ձերբակալությունը որակել է իբրև «վերջին հարձակումը Թուրքիայի քաղհասարակության նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG