Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ ինքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի ճակատին չի միանալու, թեև դեմ է, իր բնորոշմամբ, հակասահմանադրական այդ գործընթացին։ Լևոն Քոչարյանն անիմաստ է համարում «Ոչ»-ի ճամբարին միանալը։
Այսօր առավոտյան ձևավորված «Ոչ»-ի շտաբը բաղկացած է իշխանությանը քննադատող իրավաբաններից։ Ցուցակը գլխավորում է Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Մենք չենք միանալու որևէ ճակատի, ի սկզբանե այս ամեն ինչը, կարծում եմ, շատ պարզ է, թե ինչ է, ինչ-որ հակասահմանադրական քայլ է, մի մարդու ցանկություն է՝ ունենալու իր ուզած մարդկանց Սահմանադրական դատարանում ու հետ գնալ, փոխել անցումային դրույթ, ինձ թվում է, այնքան աբսուրդ է։ Այդ ամեն ինչը, իհարկե, համեմում են, այսպես ասած, ժողովրդի պահանջով էն դեպքում, որ 90 տոկոսը ո՛չ գիտի Սահմանադրական դատարանն ինչ է, ինչով է զբաղվում։ Այսինքն՝ իրենք հրամցնում են իրենց ուզածը ժողովրդին՝ ունենալով միգուցե բարձր ռեյտինգ, որ մարդիկ կարող է իրենց լսեն, այսինքն՝ ասում են՝ «սենց ա պետք, սենց ա պետք», հետո էլ դա ներկայացնում են նենց, որ ժողովուրդն է դա ուզում», - ասաց Քոչարյանի որդին՝ շարունակելով. - «Նախ որպես ի՞նչ միանանք, միանանք ինչի՞ համար, էլի, ի սկզբանե այս հակասահմանադրական, հակաօրինական պրոցեսին միանանք, որ մի հատ էլ դառնա, որ փաստորեն մենք ենք «Ոչ»-ի ճակատում, ու սկսի ինքը թիրախավորել»։
Հարցին՝ «Ոչ»-ի ճակատում կա՞ն Ռոբերտ Քոչարյանին աջակիցներ, Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ տեղյակ չէ. «Ես էսօր ընթերցեցի Ռուբեն Մելիքյանի 10 հոգու անուն, որ գրեց, ընդամենը այդքանը էսօր առավոտյան նայեցի, ուրիշ ոչինչից տեղյակ չեմ։ Մեզ ոչ մեկ նման հարցով չի եկել, չի դիմել, չի հարցրել։ Թե ինչ-որ մեկը կա էնտեղ, թե չէ, ամենայն անկեղծությամբ՝ չգիտեմ, էդ 10 հոգու անունն եմ տեսել, մնացած 61, 61 հոգի է չէ՞ միացել, Ռուբեն Մելիքյանն այդպես ասաց, ընդհանրապես տեղեկություն չունեմ՝ ինչ-որ մարդ կա՞, որը նաև մեզ աջակից է, թե՞ չէ»։
Լևոն Քոչարյանն ասաց, որ հորը մեկուսարանում հանդիպել է անցած շաբաթ։ Քննարկել են նաև սահմանադրական փոփոխությունների թեման։
«Ճակատների հետ կապված չենք խոսել, պրոցեսի մասին խոսել ենք, քննարկել ենք, ինքն էլ նույն կարծիքին է, որ սա հակաօրինական, հակասահմանադրական, մի մարդու ինչ-որ անառողջ ցանկություն է ունենալ սեփական մարդկանց՝ հետո արդեն իր հարցերը լուծելու համար», - ասաց Լևոն Քոչարյանը։
Հակադարձելով իշխանությունների պնդմանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու մյուս 6 դատավորներն ընտրվել են օրենքի խախտմամբ, և այս փոփոխությունները հենց այդ անօրինականությունները շտկելու համար են, երկրորդ նախագահի որդին ասաց՝ դրա մասին իր կարծիքը ձևավորվել է հեղինակավոր իրավաբանների մեկնաբանություններից։
«Այնտեղ ինչ-որ օրերի հետ են չէ՞ իրանք գնում՝ մարտի 2, մարտի 5, իմ համար դրանք շատ փաստազուրկ են ու նպատակը միանշանակ է, որ ուղղակի ունենան իրենց մարդկանց, իրենց էսպես ասած Վահե Գրիգորյաններին Սահմանադրական դատարանում, սա է նպատակը», - նշեց նա։
Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ 2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի թարգմանիչը ներկա չէր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացել, որ թարգմանիչը չի ներկայանա, և որ այս կարճ ժամանակում դատարանը հնարավորություն չի ունեցել այլ թարգմանիչ հրավիրել։
Քոչարյանի և մյուսների փաստաբանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը ամբաստանյալների նկատմամբ։ Մասնավորապես, նախկին նախագահի փաստաբանները պնդում են, որ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը 2008-ին չի եղել, հետևաբար երկրորդ նախագահը չի կարող հետապնդվել: Նախորդ դատական նիստին ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ մեղադրելով դատարանին գործի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին: