Չինաստանում անցած մեկ օրում ևս 98 մարդ է մահացել կորոնավիրուսից, այդ թվում՝ համաճարակի կենտրոնում հայտնված քաղաքի՝ Ուհանի առաջատար հիվանդանոցներից մեկի տնօրենը:
Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից սկիզբ առած հիվանդության զոհ է դարձել մոտ 1900 մարդ, վերջին տվյալներով՝ վարակված են ավելի քան 72 հազարը:
Չինաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդացության նոր դեպքերը սուր չեն, նաև սկսել է փոքր-ինչ նվազել դրանց թիվը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը, սակայն, հայտարարել է, որ առայժմ շատ վաղ է եզրակացնել՝ արդյոք այդ անկումը կշարունակվի՞, թե՞ ոչ: «Հնարավոր բոլոր սցենարները մնում են ուժի մեջ», - հայտարարել է Թեդրոս Գեբրեիսուսը: