ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանն Ազգային անվտանգության ծառայությունում, 25-ը հունիսի, 2018թ․

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

«Նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ՝ այդպիսով հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ», - ասաց նա:

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասում է՝ մեղադրանքն առաջադրելու առաջին պահից պաշտպանյալն ապօրինի հարստացման մասով մեղադրանքը չի ընդունել, իսկ 3 միլիարդը վճարել է որպես ժամանակին չվճարված հարկ:

«Խոսքը վերաբերում է Ղազարյանի հետ փոխկապակցված ընկերությունների հարկային պարտավորություններին: Դա 310 հոդվածի հետ ընդհանրապես առնչություն չունի», - նկատեց նա:

Փաստաբան Արմեն Հարությունյանը պնդում է՝ ապօրինի հարստացման հոդվածը չի կարող առնչվել իր պաշտպանյալին, քանի որ նա, ըստ օրենքի, չի համարվել բարձրաստիճան պաշտոնատար անձ։ Փաստաբանը վկայակոչում է քննիչի որոշումն այն մասին, որ 2018-ին ուժի մեջ մտած ապօրինի հարստացման մասին հոդվածը չի տարածվում ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալի պաշտոնի վրա, և որ այդ պաշտոնում գտնվող անձը պարտավոր չէ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել։

«Այսպիսով պարզ է դառնում, որ 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձ բառերի փոխարեն կարգվող սուբյեկտների շարքում ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը ներառված չէ, հետևաբար նշված ժամանակից սկսած վերջինս դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինելուց», - մանրամասնեց փաստաբանը:

Իշխանափոխությունից հետո՝ 2018-ի ամռանը, մեղադրանք էր առաջադրվել Ղազարյանին և նրա կնոջը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Սերժ Սարգսյանի մերձավորը ձերբակալվել էր 2018-ի հունիսին՝ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ»-ի մուտքի մոտից, ապա կալանավորվել։ Նա կալանքից առաջին անգամ ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մեղադրանքի առաջադրումից հետո Ղազարյանը հայտարարել էր, որ իրեն վերագրվող այդ գումարների ծագման աղբյուրներն օրինական են, և որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին. - «Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը»։

ՀՔԾ-ն այն ժամանակ հայտարարել էր, թե ամուսիններ Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը և 2013-2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերից։ Ըստ ՀՔԾ-ի՝ ամուսինները, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք որպես ավանդ ներդրել են հայաստանյան բանկերում և տոկոսագումարներով եկամուտներ են ստացել, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

2019-ի դեկտեմբերին Ղազարյանը հայտարարեց, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմնին ներկայացրել է իր և կնոջ բանկային հաշիվներին շուրջ 10 տարի առկա, ինչպես նաև իրենց բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Ըստ այդմ, դրանց զգալի մասը պատկանում է Հայաստանից դուրս բնակվող Ղազարյանի գործարար, մտերիմ ընկերոջը, որի տվյալները Վաչագան Ղազարյանը, սակայն, չի հրապարակել։