Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Ղազարյանն այսօր կրկին կալանավորվել է, «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Գլխավոր դատախազությունից էլ փոխանցեցին, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը։
Ապրիլյան հեղափոխությունից հետո կալանավորված Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան և ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Ղազարյանի դեմ հարուցված գործը, ըստ էության, առաջինն էր Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով:
Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:
Մինչև ձերբակալումը իրավապահները խուզարկել էին նրա երևանյան բնակարանը և հայտնաբերել առանձնապես խոշոր չափերի գումար։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար:
«Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի փաստաբանի հետ: