Լենա Նազարյան. Բանակում իրավիճակի հետ կապված հստակ որոշումներ են կայացվել

«Իմ քայլը» խմբակցության փակ նիստում այսօր հիմնականում հետևյալ հարցերն են քննարկվել՝ Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճ, Փաշինյան-Ալիև հանդիպում, ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվե և զինված ուժերում մահվան դեպքեր: Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը») Լենա Նազարյանը:

Քննադատություններին, թե ինչու բանավեճի ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահին չհիշեցրեց 2016թ. Թալիշի դեպքերի մասին, չհիշեցրեց Սաֆարովի կողմից կատարվածը, Լենա Նազարյանն այսպես արձագանքեց. - «Բոլոր այդ հարցերի մասին վարչապետը նախկինում խոսել է, հնարավոր չէր այդ կարճ ժամանակում բոլոր հարցերին անդրադառնալ, վարչապետը խոսեց բոլոր կարևոր հարցերի մասին, մի քիչ տարօրինակ է ասել, որ ուրիշ կարևոր հարցերի մասին չի խոսել:

Ինձ շատ դուր եկավ, և վարչապետն էլ ասաց, որ իրեն շատ գոհացրել է ձևաչափը, և ցանկություն է հայտնել շարունակելու նման ձևաչափով քննարկումները, դա կապահովի հարցի վերաբերյալ հրապարակայնություն: Այսօր կարող ենք արձանագրել, որ արցախյան խնդրի վերաբերյալ որևէ փակ տեղեկություն չկա, ամեն ինչ հրապարակային է: Անդրադառնալով քննադատությանը, որ կարևոր հարցերին չի անդրադարձել, ասեմ, որևէ կարևոր փաստարակով Ադրբեջանին նախ չես համոզի, միջազգային հանրությանը մենք անընդհատ ենք տեղեկացնում մեր գործողությունների մասին»:

Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, ապա պատգամավորը նկատեց՝ այս հարցը դիտարկում են դատական իշխանության անկախության կոնտեքստում. - «Մենք արդեն մշակել ենք, և կառավարությունը հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, դրանով կբարեփոխենք դատարանները, և մնացել է միայն Բարձր դատարանի լեգիտիմության հարցը, այստեղ ապավինում ենք, որ մարդիկ կօգնեն մեզ այդ հարցը լուծելու համար»:

Դիտարկմանը, որ ոմանք սա որակում են որպես վարչապետի վստահության ընտրություն է, որ վարչապետը փորձում է այսպիով նորից համոզվել՝ իր ընտարզանգվածը կայուն է, թե ոչ, Լենա Նազարյանը պատասխանեց. - «Խնդիրն այն է, որ մենք ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ, բոլորից անկախ, մեզանից անկախ, բոլոր քաղաքական խմբավորումներից և ուժերից անկախ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, որ իրավական տեսանկյունից խոցելի գործընթաց է՝ նշելով, թե ինչու սահմանադրական փոփոխությունների հարցը չենք տանում Սահմանադրական դատարան՝ հարցնելու՝ կողմ է ՍԴ-ն, թե դեմ, ինչպես են պատկերացնում 9 դատավորներից 7-ն իրենց կարգավիճակի ու լիազորությունների մասին եզրակացություն տա: Որևէ դատավոր չի կարող իր վերաբերյալ հարց քննել, և դրա համար շրջանցում ենք այդ հանգամանքը, և դրա համար դիմում ենք սահմանադրին»:

Խոսելով ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշման մասին՝ իշխող կուսակցության անդամն ասաց, որ իրենք անձի խնդիր չունեն, ՍԴ կազմի խնդիր չունեն. - «Մենք ունենք Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիր և համարում ենք, որ ՍԴ անկախության, պաշտպանվածության աղբյուրը ժողովուրդն է, դրա համար էլ ժողովրդին ենք ուղղում այդ հարցը:

Ընդդիմությունը մերժում է հեղափոխական օրակարգը, այսօրվա ընդդիմությունը հեղափոխական ուժից էլ ավելի հեղափոխական պիտի լինի, պետք է մեզանից պահանջի անել ավելին, մինչդեռ մեզ հետ է պահում, ասում է՝ մի արեք այդ բարեփոխումները»:

Նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև բանակում վերջին դեպքերին: Հիշեցնենք, այս տարվա սկզբից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր:

Լենա Նազարյանն ասաց, որ այսօր եղել է խորհրդակցություն՝ ոլորտի ղեկավարների մասնակցությամբ, կայացվել են հստակ որոշումներ, որոնց մասին կառավարության ղեկավարն ինքը կհայտնի: Ինքը պատգամավորը կարծում է, որ պետք է պատժվեն նաև այն պաշտոնյաներն, ովքեր պետք է կանխարգելեին այս հանցագործությունները:

«Ես կարծում եմ, որ մեծամասամբ բանակում ծառայող քաղաքացիներն ընդունում են համընդհանուր համակեցության կանոնները, բայց լինում են անհատներ, խմբեր, որոնք համարում են, որ արտոնյալ կարգավիճում են՝ չգիտեմ ինչ հանգամանքներով պայմանավորված, և նրանք են խաթարում բանակի խաղաղ համակեցությունը, և իրենք պետք է անմիջապես հայտնաբերվեն ղեկավարության կողմից և պատասխանատվության ենթարկվեն։ Վերահսկողությունը իրենց նկատմամբ պետք է լինի շատ լուրջ», - հավելեց նա:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.