Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանն ու Գլխավոր շտաբն անդրադարձել են Զինված ուժերում մահվան դեպքերին


Արխիվ
Արխիվ

Այս տարվա սկզբից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Այս մասին ասված է Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

«Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից և անհիմն մեղադրանքներից, լինել զգոն և առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում և այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի մոտ այսօր ԶՈւ-ում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն է տեղի ունեցել:

Նախագահ Արմեն Սարգսյանը ևս հայտարարությամբ է հանդես եկել:

«Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:

Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ», - նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ ասված է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ:

Նա նաև հորդորել է զինծառայողներին պատասխանատվությամբ վերաբերվել իրենց առաքելությանը, միմյանց հետ փոխհարաբերություններին, «հիշել՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է»:

XS
SM
MD
LG