Ըստ Բաբայանի` բանավեճը ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ կառուցողական քայլի

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երեկ Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի:

«Մի քիչ զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը` անդրադառնալով պատմության վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին, քանի որ 1805թ. Ղարաբաղի Իբրահիմ խանը համաձայնագիր է ստորագրել ռուսական կայսրության գեներալի հետ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, այս հայտարարությանը հակադարձեց` նկատելով, որ Կովկասյան բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, և այդ օրինական որոշումից հետո Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց:

«Պաշտոնական Բաքուն ու նրա ղեկավարը մոռանում են սեփական նորագույն պատմությունը», - նկատեց Դավիթ Բաբայանը` ասելով, թե Իլհամ Ալիևի հայրը` Հեյդար Ալիևը, 1994-ին, դրանից հետո մի քանի ագամ զինադադար է խնդրել. «Դիմել է Արցախի Հանրապետության ղեկավարությանը` նամակում նշելով Ղարաբաղի Հանրապետություն ու խնդրելով զինադադար, այդ նամակների բնօրինակները մեզ մոտ կան, եթե այդպես է, այն ժամանակ չկար որևէ այլ հարց, հիմա իր որդին լրիվ այլ բաներ է խոսում, պետք է զորքեր դուրս բերել և այլն, այսինքն` այն ամենը, որ ցույց է տալիս, որ Ադրբեջան պետությունը պատրաստ չէ որևէ կառուցողական երկխոսության»:

Ըստ նրա` այս բանավեճից հետո պետք է հասկանանք, որ Ադրբեջանի պահանջները չեն փոխվելու:

Հիշեցնենք, որ Մյունխենում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը: Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Քննարկումը տևել է մոտ 45 րոպե, այն վարել է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես են եկել ելույթներով։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել:

Մյունխենում Փաշինյանը հայտարարել է, որ շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ ընդգծի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ եթե որևէ մեկն ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ հակամարտությունն արդեն լուծված է»։

Հայաստանի վարչապետն ասել էր նաև. «Նախագահ Ալիևն ասում է, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Առաջին անգամ 1994 թվականին և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը: Դրանից երեք ամիս անց 1994 թ. հուլիսին իրենք վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»: