Մատչելիության հղումներ

Մյունխենում տեղի կունենա ԼՂ հարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ


Մեկնարկեց Մյունխենի ամենամյա համաժողովը։ Արդեն հինգ տասնամյակից ավելի այս համաժողովը նույն հարկի տակ է հավաքում աշխարհի առաջնորդների։

Մյունխեն են ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։

Այս անգամ համաժողովին մասնակցում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Հայտնի է, որ Մյունխենի Անվտանգության համաժողովում վաղը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ 45 րոպեանոց քննարկում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Քննարկումը, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, այն վարելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի, Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Մինչև Մյունխեն մեկնելը՝ առավոտյան Բեռլինում վարչապետը այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղարի, տնտեսական ոլորտի այլ պաշտոնյաների հետ: Փաշինյանին Բեռլինում ընդունել են նաև Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում:

XS
SM
MD
LG