Փաշինյանը կարևորել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների հարցում ԵՄ-ի դերը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական միության բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։

Վարչապետի աշխատակազմի և տեղեկատվության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միությունը դարձել է Հայաստանի բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գլխավոր գործընկերը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, և դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարևոր է: Ցանկանում եմ շեշտել, որ և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական աջակցությունը շատ կարևոր են մեզ համար: Շնորհակալ եմ այսօրվա հնարավորության համար՝ քննարկելու մեր ապագա համագործակցության պլանները», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Յոհաննես Հանը նշել է, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում:

«Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք Ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում, և կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես Դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, և սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ Ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ Ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ», - ասել է Յոհաննես Հանը:

Զրուցակիցները քննարկել են ներդրումային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, օրակարգային հարցերին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր:

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և այլ ոլորտներում զարգացումներին:

Հիշեցնենք՝ Յոհաննես Հանը Հայաստան էր այցելել 2019 թվականի հունվարին։