Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործը օրեր առաջ դատախազությունից ստանալուց հետո փոփոխվել են մեղադրանքները, ՀՔԾ-ից պատասխանեցին, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։