Ադրբեջանի իշխանությունները կարծես տեղի են տալիս միջազգային ճնշմանը` փորձելով մեղմել փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո եվրոպական կառույցներում ձևավորված բացասական մոտեցումները:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը, մի քանի ժամ շարունակված նիստի արդյունքում, որոշեց ընտրությունների արդյունքները չեղարկել միանգամից չորս ընտրատարածքներում:
Ուշագրավ է, որ ԿԸՀ-ն նոր գումարման խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից զրկեց իշխանամետ թեկնածուներին: Մանդատ ստանալու հնարավորությունից զրկվեցին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության Բաքվի խոշորագույն շրջաններից մեկի` Խաթայիի տեղական կառույցի ղեկավար Հուսեյնբալա Միրալամովը,1995-ից անընդմեջ պատգամավոր ընտրվող Հադի Ռաջաբլին,Միլի մեջլիսում Բեյլագանի շրջանը ներկայացնող Չինգիզ Գանիզադեն և նախկինում ընդդիմադիր, այժմ իշխանամետ դիրքերից հանդես եկող «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն:
Ադրբեջանցի անկախ փորձագետների համոզմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված էր գնալ նման քայլի:
«21-րդ դարում, նորագույն տեխնոլոգիաների զարգացման նման պայմաններում, ընտրություններ կեղծելը անասելիորեն դժվարացել է», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է քաղաքագետ Ազեր Ռաշիդօղլուն` հավելելով, որ փետրվարի 9-ի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների անտեսումն իշխանությունների կողմից կարող էր հանգեցնել սոցիալական պայթյունի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը ևս հաստատել է, որ ընտրությունների չեղարկման գործընթացի հիմնական պատճառներից մեկը սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերն էին:
«Մենք հետաքննում ենք սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությունը, որ վերաբերում է բոլոր ընտրատարածքներին: Եթե այդ տեղեկատվությունը մեզ հավաստի է թվում, մենք անմիջապես հետաքննություն ենք սկսում», - նշել է Փանահովը` պնդելով, թե իր ղեկավարած կառույցի այս քայլերի արդյունքում մեղավորները պատժվելու են: