Մատչելիության հղումներ

Ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը Ադրբեջանը փորձում է քողարկել ԼՂ հակամարտությամբ. Հայաստանի ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա», - այս հարցին, Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Նաղդալյանը պատասխանել է.

«Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից: Մենք ծանոթ ենք ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հիշեցրել է, որ «Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»:

XS
SM
MD
LG