Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ:
Ինչպես հայտնում է կառավարության կայքէջը, մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:
Վարչապետի որոշմամբ հաստատվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը:
«Հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», - ասված է որոշման մեջ: