«Իշխանությունը ժողովրդին ոտքի է հանում իրեն ոչ հաճո դատավորների հարցը լուծելու համար». ՀՀԿ անդամ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և վեց դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեն դեռ «ոչ»-ի ճակատ չունի։ Խորհրդարանական ուժերը չեն ձևավորի, իսկ արտախորհրդարանականները դեռ չեն հստակեցնում։

Իշխանության կոշտ քննադատ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում հարցը դեռ չի քննարկվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Եթե նույնիսկ որոշվի, որ կողմ է դառնալու մեր քաղաքական թիմը, ես անձամբ չեմ մասնակցելու այդ քարոզարշավին, որովհետև ես համարում եմ, որ դատական իշխանության լրջագույնս կառույցի խնդիրը քաղաքական քարոզարշավի էմոցիոնալ ֆոնի, էժան լոզունգներով ծախելու և խնդիրը լուծելու ճիշտ տեղը չէ, և դա սխալ է և սպառնում է մեր պետության իրավական անվտանգությանը», - նշեց Սահակյանը։

Իշխանությունը ժողովրդին ոտքի է հանում Սահմանադրական դատարանի՝ իրեն ոչ հաճո դատավորներից ազատվելու համար, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավարը՝ հավելելով, թե խնդիրն Ազգային ժողովն էլ կարող էր լուծել, և հանրաքվեի անհրաժեշտություն չկար։

«2,5 միլիարդ բյուջեից հատկացնել յոթ դատավորի խնդիր լուծել, փորձել էս միջոցներով իրենց քաղաքական հարցերով խնդիրը լուծել, սա անթույլատրելի է, էլ չեմ ասում իրավական տեսանկյունից ես նշեցի, բովանդակային և անվտանգության առումով։ Իսկ «ոչ»-ի ճակատը մեր գործադիր մարմնի անդամները դեռևս չեն քննարկել, որևէ որոշում չկա։ Ինձ համար դա ոչ թե «այո»-ի և «ոչ»-ի խնդիր է, դա իրավական խնդիր է, նորից եմ շեշտում։ Այսօր մենք ամբողջ մի ժողովուրդ հանում ենք ոտքի, իշխանությունը օրվա հանում է ոտքի, որպեսզի Սահմանադրական դատարանի իրեն ոչ հաճո յոթ դատավորների խնդիրը լուծի», - ասաց Հովհաննես Սահակյանը։

Նախկին իշխանության ներկայացուցիչը դատապարտում է սահմանադրական փոփոխությունները՝ համարելով, որ այսպիսով խախտվում է իշխանության թևերի տարանջատման սկզբունքը և ճնշում է գործադրվում Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Բացի այդ, փոփոխությունները իշխանությունը փորձում է կյանքի կոչել՝ շրջանցելով ՍԴ-ի և միջազգային կառույցների կարծիքը։

ՀՀԿ-ական Սահակյանը քննադատեց նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանը այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և այն պետք է հեռանա։

«Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր և շատ վտանգավոր մի հայտարարություն էլ արեց Ազգային ժողովում՝ նշելով, որ այն ուժերը, մարդիկ, ովքեր իրավական և ոչ իրավական ճանապարհով կխոչընդոտեն հանրաքվեն կամ էս «այո»-ի այս գործընթացը, նրանք կճանաչվեն հակապետական և չգիտեմ։ Սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը», - ասաց ՀՀԿ անդամը։

Արտախորհրդարանական ուժերից սահմանադրական փոփոխություններին կողմ է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես»-ը։ Ակտիվորեն մասնակցելու են հանրաքվեին։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ աբսուրդ է այն պնդումը, թե սահմանադրական որևէ փոփոխության քվեարկության դնելու համար պարտադիր է բարձր դատարանի եզրակացությունը։

«Ամենաաբսուրդային դրույթներից մեկը դա է հենց, որ պետք է որևէ փոփոխություն քվեարկության դնելուց ստանաս Սահմանադրական դատարանի եզրակացությունը։ Ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանին այդ աբսուրդ, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ տրված է իրավունք արգելափակելու ցանկացած սահմանադրական փոփոխություն, նման բան չէր կարող լինել որևէ տեղ և չկա։ Ուկրաինայի, Մոլդովայի Սահմանադրություններում որոշ դեպքերի համար այդ եզրակացությունը պահանջվում է, բայց միայն խորհրդատվական կարգավիճակով։ Այսինքն՝ դու ստանում ես այդ եզրակացությունը, բայց միևնույն է դու որոշումը կարող ես ինքդ ունենալ», - ասաց ՀԱԿ-ի փոխնախագահը։

Լևոն Զուրաբյանի մեկնաբանությամբ՝ գործող Սահմանադրական դատարանը խոչընդոտում է Հայաստանում արդարադատության հաստատմանը։

«Թավշյա հեղափոխությամբ հեռացվեց սատանան, որը այդ Սահմանադրությունը փաթաթել էր իր սատանայական թագավորությունը հավերժացնելու նպատակով, սատանան գնացել է, բայց խնդիրը լուծված չի, որովհետև մնացել է սատանայի փաստաբանը։ Էդ յոթ մարդը նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ավազակային խմբակի կողմից, նշանակվել են մեկ նպատակով՝ օգնել նրանց պահպանել իրենց ավազակապետությունը։ Հիմա ավազակապետությունը դեմոնտաժի մեջ է գտնվում, բայց մնացել են այն մարդիկ, ովքեր կարող են էդ դեմոնտաժի ցանկացած էտապում արգելքներ առաջացնել», - նշեց Զուրաբյանը։