Նախագահը պատասխանատվություն է կրում իր ստորագրության համար, պնդում է Նաիրա Զոհրաբյանը

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» առայժմ որոշում չի կայացրել՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրինականությունը վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան (ՍԴ) կդիմե՞ն, թե՞ ոչ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ հարցն առաջիկա օրերին կքննարկեն։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, թե պատրաստ են դիմել ՍԴ, եթե իհարկե իրենց միանան ԲՀԿ պատգամավորները։ Առանց խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցության «Լուսավոր Հայաստանը» Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չունի։ ԼՀԿ-ն ունի 17 պատգամավոր, մինչդեռ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Այսինքն՝ հանրաքվեի հարցը կվիճարկվի Սահմանադրական դատարանում, թե ոչ՝ կախված է «Բարգավաճ Հայաստանից»։

Ի դեպ, նկատենք՝ ԲՀԿ-ն նույնպես պնդում է, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի են դրվել մի շարք խախտումներով, ընդգծելով, որ բացակայում են Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները։

«Չենք քննարկել, ուստի ես կդժվարանամ ասել, թե կմիանա՞ «Բարգավաճ Հայաստանը», նախ, «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները մեզ նման նախաձեռնությամբ չեն դիմել առ այս պահը, ես տեսել եմ Էդմոնի հայտարարությունը, բայց պաշտոնապես որևէ մեկը մեզ չի դիմել», - ասաց Զոհրաբյանը։

«Ազատության» դիտարկմանը՝ ԼՀԿ-ն սպասում է ԲՀԿ-ին՝ երբ կհայտարարեն, որ կմիանան, իրենք կնախաձեռնեն այդ գործընթացը, Զոհրաբյանը պատասխանեց. «Նման քայլ մենք չենք քննարկել, ուստի ես կդժվարանամ այսօր ասել՝ այո կամ ոչ»։

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենց համար անսպասելի էր կիրակի օրը հանրաքվե անցկացնելու հրամանագրի ստորագրումը։ Զոհրաբյանը կարծում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը իրավունք չուներ ոչ աշխատանքային օրվա ընթացքում այն ստորագրել։ Ամեն դեպքում այժմ հարցը քննարկում են իրավաբանների հետ։

«Անսպասելի էր կիրակի օրով հրամանագրի ստորագրումը, մենք ենթադրում էինք, որ երկուշաբթի օրը մինչև ժամը վեցը կա անհրաժեշտ ժամանակը, և այդ ընթացքում դրանից հետո մենք նախատեսել էինք մեր քննարկումները, ուստի էստեղ, կարծում եմ, որևէ խնդիր մեր կողմից չկա», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ այսինքն այսօր, վաղը հնարավո՞ր է քննարկում լինի, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դե բնականաբար, դե արդեն մեկ շաբաթից սկսվելու է բուն քարոզարշավը, այսինքն առաջիկա օրերին ամենաուշը մենք պետք է ունենանք վերջնական դիրքորոշում»։

Իսկ թե կարելի՞ է ասել, որ «Բարգավաճ Հայաստանը» ի դեմս Գագիկ Ծառուկյանի մտավախություններ ունի Սահմանադրական դատարան դիմելու այդ գործընթացին մասնակցելու հետ կապված, գուցե չի՞ ցանկանում հարաբերությունները վատացնել վարչապետի հետ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Եթե այդպես մտածեինք, ապա որևէ ընդդիմախոսություն չէինք բարձրաձայնի, ոչ, այդպես չէ»։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է այն խախտումները, որոնց հիմքով, ըստ նրա, նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և դիմել Սահմանադրական դատարան։ Ընդ որում, և՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն մատնանշում են նաև «Հանրաքվեի մասին» օրենքը, շեշտելով, որ այն նույնպես ցույց է տալիս Սահմանադրական դատարանի եզրակացության պարտադիր լինելու հանգամանքը, մասնավորապես 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, տեղամասային կենտրոնում պետք է լինի՝ հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։

Մինչդեռ իշխող «Իմ քայլի» պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է՝ Սահմանադրական դատարանի անդամները անձնական շահագրգռվածություն ունեն այս հարցում, հետևաբար օբյեկտիվ որոշում ակնկալել դժվար է։

«Ինը դատավորներից յոթն, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս հարցում, տվյալ պարագայում հարցն ուղարկել Սահմանադրական դատարան և ակնկալել որոշում, որը քիչ թե շատ օբյեկտիվ կլինի, եթե նույնիսկ այդ որոշումը ամբողջությամբ օբյեկտիվ է, որոշակի առումով խնդրահարույց է։ Տվյալ պարագայում կա մի լուծում՝ դիմել ժողովրդին և հարցնել՝ ի վերջո ժողովուրդն ի՞նչ կարծիքի է», - ասաց Վարդանյանը։

Ուշագրավ է, որ երեկ երեկոյան հրամանագիրը ստորագրելուց առաջ, նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, ընդգծելով, թե հանրաքվեի օր նշանակելով «նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, հակադարձում է՝ ստորագրությունը հստակ դիրքորոշման արտահայտում է։

«Հանրապետության նախագահի, ի՞նչ ասեմ՝ պահվածք ասեմ, վարքագիծ ասեմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում, բազմաթիվ հարցեր։ Ի՞նչ է նշանակում՝ «ես ստորագրում եմ, բայց իմ ստորագրելը դիրքորոշում չէ», էդ դեպքում ինչի՞ ես ստորագրում, եթե դու ստորագրում ես, դա նշանակում է՝ դա հստակ դիրքորոշում է, նշանակում է՝ դա այո է։ Ես հասկանում եմ, որ քաղաքական մանիպուլյացիան քաղաքականության մեջ տեղ ունի, բայց ոչ այդ աստիճանի և այդ կերպ։ Արդեն սահմաններ կան, որտեղ արդեն ամեն ինչ վերածվում է ուղղակի զավեշտի», - նշեց Զոհրաբյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա փորձում է այս կերպ իր վրայից պատասխանատվությունը հանել, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, փորձում է՝ ասելով, որ սա դիրքորոշում չէ, բա ի՞նչ է, եթե դիրքորոշում չէ։ Այսինքն՝ եթե դուք գտնում եք, որ, օրինակ, հանրաքվեի ակտը, որ պիտի լինի դրվելիք, դա իրավախախտումներով է եղել, հակասահմանադրական է, և ինչի՞ եք ստորագրում, եթե ստորագրել եք, նշանակում է՝ դուք ընդունում եք այդ պրոցեսի բացարձակ լեգիտիմությունը, նշանակում է՝ սա վերաբերմունք է, իսկ վերաբերմունքը, դիրքորոշումը և դրված ստորագրությունը նշանակում է՝ պատասխանատվություն, լինի այդ պատասխանատվությունն այսօր, թե վաղը»։