Սոչիում, փետրվարի 7-ին կայացած Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև բանակցությունների ավարտին որոշ տեղեկություններ մամուլին փոխանցել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
Նա ասել է, որ Ռուսաստանը հում նավթը Բելառուսին կվաճառի միայն միջազգային գներով: Գազի գնի հետ կապված Կոզակն ասել է, թե բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել 2019-ի սակագինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 127 դոլար:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ բանակցությունները կառուցողական էին, Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են ապագայում շարունակել երկու երկրների ինտեգրման բանակցությունները:
Այս տարեսկզբից Ռուսաստանը գործնականում դադարեցրել է նավթի առաքումը Բելառուս: Ցածր գներով Բելառուսին նավթ վաճառելու հետևանքով Ռուսաստանը յուրաքանչյուր տարի մի քանի միլիարդ դոլար է կորցնում: Մոսկվան պնդում է, որ էներգակիրների արտոնյալ գներից օգտվող Բելառուսը ավելի խորացնի ինտեգրումը Ռուսաստանի հետ:
Մինսկը վախենում է, որ կարող է կորցնել ինքնիշխանությունը ու փորձում է աշխուժացնել կապերը Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ: Անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն այցելել էր Մինսկ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելեց Բելառուս: Փոմփեոն Լուկաշենկոյին խոստացել է, որ Բելառուսը նավթ կստանա Արևմուտքից:
Սոչիում Պուտին-Լուկաշենկո բանակցությունները շարունակվել են մոտավորապես ինը ժամ: Ընդմիջմանը նրանք հոկեյ խաղալու ժամանակ են գտել ու խաղացել են նույն թիմի կազմում:
Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 25 տարի Բելառուսի նախագահն է: Այս տարի Բելառուսում նախագահական հերթական ընտրություններ են: