Թուրքմենստանի նախագահն իր որդուն նշանակել է արդյունաբերության և շինարարության նախարար

Սերդար Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդի Սերդարին նշանակել է արդյունաբերության և շինարարության նախարար: Այդ մասին այսօր հաղորդել են երկրի պետական լրատվամիջոցները:

Մինչ այս Սերդար Բերդիմուհամեդովը Ահալ նահանգի նահանգապետն էր, որտեղ նախատեսվում է նոր քաղաք կառուցել:

Վերջերս երկրի ղեկավարը կարգադրություն է ստորագրել 1,5 միլիարդ դոլար հատկացնել նոր քաղաքի կառուցման նպատակով արտասահմանից անհրաժեշտ շինանյութ ու սարքավորումներ գնելու համար: Ենթադրվում է, որ Բերդիմուհամեդովի որդին նախարար է նշանակվել այդ հավակնոտ ծրագիրը իրականացնելու համար:

Բերդիմուհամեդովների ընտանիքը Ահալ նահանգից է: 38-ամյա Սերդարը անցած տարի նշանակվել է այդ նահանգի վարչակազմի ղեկավար, մեկ տարի անց արդեն նախարար է դարձել: Պետական կառավարման համակարգում նրա արագ վերելքը ենթադրել է տալիս, որ Թուրքմենստանի 62-ամյա ղեկավարն իր պաշտոնի ժառանգորդ է նախապատրաստում որդուն:

Ըստ Human Rights Watch-ի զեկույցի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, նրա հարազատներն ու մտերիմները վերահսկում են երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները: