Մարուքյանը չի բացառում, որ հանրաքվեի հարցով կդիմեն ՍԴ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ է «Ազատություն»-ը զրուցել «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Հնարավո՞ր է՝ դուք ինչ-որ իրավական գործընթաց սկսեք, ինչի մասին վարչապետը ակնարկում էր, ես ավելի բացեմ չակերտները՝ ասենք, «Բարգավաճ Հայաստան»-ի հետ այս նախագիծը ուղարկեք Սահմանադրական դատարան։

Էդմոն Մարուքյան. – Ճիշտն ասած, չենք քննարկել նման հանգուցալուծում կամ նման տարբերակ, որովհետև դեռ ակնհայտ չէ, որ հնարավոր է նման թվով ստորագրություններ հավաքել, որովհետև, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ը չմասնակցեց քվեարկությանը, ես չեմ կարող իրենց փոխարեն որևէ բան ասել, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը ունի 17 ստորագրություն, իսկ դրա համար անհրաժեշտ է 27 ստորագրություն։

«Ազատություն». – Բայց կնախաձեռնեի՞ք նման բան, թեկուզ՝ տեսականորեն, որովհետև վիժեցնելու եք հանրաքվեն,, եթե նման բան անեք։

Մարուքյան. – Չունենք որոշում, բայց չեմ բացառում, և նաև չեմ բացառում, որ նման նախաձեռնություն կլինի։ Ընդհանրապես չեմ բացառում, որովհետև մենք գտնում ենք, որ հանրաքվեն արկածախնդրություն է, հանրաքվեն հարված է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, հանրաքվեն հարված է մեր Սահմանադրությանը, այս փոփոխությունների նախագիծը, այս գործընթացն ամբողջությամբ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ամբողջությամբ հակասում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, և այս քայլերով իշխանությունը ետ է տանում հայկական առաջ գնացած ժողովրդավարությունը։

«Ազատություն». – Բայց եթե դուք նման բան անեք, գնդակը նորից գլորելու եք Հրայր Թովմասյանի դաշտ, ավելին՝ սկուտեղի վրա նվեր եք անելու, որ, «խնդրեմ, նորից կասեցրեք գործընթացը»։

Մարուքյան. – Ինձ հետաքրքիր չի Հրայր Թովմասյանի դաշտը կամ չգիտեմ ում դաշտը, մենք ինստիտուտներին նայում ենք որպես ինստիտուտներ: Եթե էդպես է, ապա այս օրերին վարչապետի կողմից շատ հարգված և ընկալված և ընդունված հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ բանկային գաղտնիքի օրենքների հետ կապված։ Այսինքն՝ հանրապետության նախագահին կարելի է դիմել, ընդդիմադիր պատգամավորներին չի կարելի՞ դիմել։ Ի՞նչ է նշանակում Հրայր Թովմասյանի դաշտ։ Դա Հրայր Թովմասյանին հոր տունը չի, ոչ էլ Հրայր Թովմասյանի դաշտն է՝ դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմին է և պիտի գործի։

«Ազատություն». – Դե հենց կռվախնձորն էլ այստեղ է, որ իշխանությունն ասում է՝ հոր տունն է դարձրել։

Մարուքյան. – Իշխանությունը ոչ մի փաստ չունի դրա մասին, մեր բոլոր հարցերն այսօր դրա մասին էին, ուրեմն՝ ոչ մի օրինակ չբերվեց, որ քանի քաղաքացի է տուժել ՍԴ-ից, ոչ մի օրինակ չբերվեց, թե քանի ռեֆորմ է տապալել ՍԴ-ն։ Սա անձնական բնույթի հարց է, վարչապետը սա դարձրել է իր անձնական հարցը, մենք էլ պետություն չունենք որևէ մեկի համար անձնական հարցեր լուծելու։

«Ազատություն». – Հանրաքվե, եթե բանը հասնի դրան, ինչպե՞ս եք դիրքավորվելու, հիմա դեմ եք քվեարկել, ուրեմն «ոչ» ե՞ք ասելու։

Մարուքյան. – Մենք արդեն ասել ենք, որ դեմ ենք, մենք արդեն ասել ենք, որ հակասահմանադրական է, եկեք սպասենք, տեսնենք՝ հանրաքվե կլինի՞, թե՞ չէ։

«Ազատություն». – Էլի գալիս ենք էդ կետին՝ եթե «ոչ»-ի շարժում եք սկսում, գնալու եք, օրինակ, Աշոտյանի հետ «ոչ» քարոզեք, և ասեն՝ ահա, Հրայր Թովմասյանին են պաշտպանում։

Մարուքյան. – Աշոտյանի հետ մենք.... Աշոտյանն ի՞նչ կապ ունի մեր հետ բայց, որ Աշոտյանի հետ մենք «ոչ» քարոզենք։

«Ազատություն». – Որովհետև իրենք են «ոչ»-ը պաշտպանելու, պարզ է արդեն, հանրապետականները։

Մարուքյան. – Ի՞նչ գիտեք Դուք, ի՞նչ գիտեք։

«Ազատություն». – Հրայր Թովմասյանին պաշտպանողների դիրքերից էդ ուժերն են հանդես գալիս։

Մարուքյան. – Հրայր Թովմասյանին պաշտպանելը ի՞նչ կապ ունի հանրաքվեի հետ։

«Ազատություն». - «Ոչ» չե՞ք քարոզելու։

Մարուքյան. – Մենք «ոչ» կարող է քարոզենք, կարող է այլ դիրքորոշում ունենանք, կարող է դիմենք ՍԴ՝ չլինի հանրաքվե, բայց Դուք սցենար եք ասում, ասում եք՝ «Աշոտյանի հետ գնալու ե՞ք քարոզեք»։

«Ազատություն». – Ես չեմ ասում՝ գնալու եք, ես ասում եմ՝ ինքնաբերաբար կարող եք հայտնվել այդ ճամբարում։

Մարուքյան. – Մենք, ուրեմն, ես Ձեզ կրկնում եմ՝ մենք ինքնաբերաբար, բարեբարաբար, չգիտեմ ինչաբերաբար, դժբախտաբար, հաջողությամբ, անհաջողությամբ՝ որևէ պարագայում չենք կարող նախկին իշխանությունների հետ որևէ նույն ճամբարում հայտնվել, որովհետև մենք մենք ենք, նրանք նրանք են, նոր իշխանություններն էլ նոր իշխանություններն են։ Ամեն մարդ, ամեն ուժ իր տեղը ունի, ամեն ուժ իր ընտրողն ունի, իրեն հավատացողն ունի, ինքն իր արժեքներն ու սկզբունքներն ունի, ի՞նչ է նշանակում՝ գնալու եք նրա հետ, բան... Կներեք, հիմա որ մի հարցով Նիկոլն ու Սերժ Սարգսյանը համաձայն են, օրինակ, ինչ-որ հարցով, ասենք՝ հա՛մ Նիկոլ Փաշինյանն է համաձայն, հա՛մ՝ Սերժ Սարգսյանը, ուրեմն՝ իրանք իրար հետ են, հա՞։

«Ազատություն». – Այ, հենց էդ մասին էր հարցս՝ ձեզ դա չի կաշկանդելո՞ւ «ոչ»-ի արշավ անել։

Մարուքյան. – Չէ, ինչի՞ պետք է կաշկանդի, մենք մեր սկզբունքը.... կարող է՞ Աշոտյանի համար ենք ապրում, կամ Սերժ Սարգսյանի, կամ Նիկոլ Փաշինյանի...

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.