Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 636-ի, 1540 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից

Չինաստան - Հիվանդների համար մահճակալներ են տեղադրվել Ուհանի մարզադաշտում, 4-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 73-ով և հասել 636-ի։ Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 6-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակվածների թիվը 31 հազար 161 է, նրանցից 4 հազար 821 վիճակը ծանր է, իսկ 1540 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։

Երկու տասնյակից ավելի երկրներ հայտնել են վարակի շուրջ 190 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։

Վարակի օջախը համարվող Ուհան քաղաքի հիվանդանոցը տեղեկացրել է, որ այսօր վաղ առավոտյան մահացել է կորոնավիրուսի մասին առաջինը հաղորդած բժիշկ Լի Վենլյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ առաջին անգամ արձանագրել է կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռևս վաղ է ենթադրություններ անել։

Նոր վարակի կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել մեկ շաբաթ առաջ։