ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կլինի «դատական ճգնաժամի հաղթահարմանն» ուղղված փաթեթ

ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի խորհուրդն այսօր արդեն երկրորդ անգամ կհավաքվի՝ հաստատելու խորհրդարանի վաղվա արտահերթ նիստի օրակարգը, որտեղ ներառված է «Իմ քայլ»-ից պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենսդրական փաթեթը՝ փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ» և ևս երկու օրենքներում։ «Իմ քայլ»-ականների խոսքով՝ այդ առաջարկի նպատակը դատական համակարգի ճգնաժամի հաղթահարումն է։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

«Սա նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում առկա և բոլոր կողմերից փաստված դատական ճգնաժամը լուծում տալ, և ես ասել եմ՝ թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ այդ հարցը լուծվելու է, ինչպես լուծվեց Ազգային ժողովում եղած, առկա խնդիրը, Հայաստանի Հանրապխետությունում, և մնացած բոլոր խնդիրները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Թե ինչու «Իմ քայլ»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) ու «Լուսավոր Հայաստան»-ի (ԼՀԿ) ներկայացուցիչները երեկ չհաստատեցին օրակարգը, փակագծերը չեն բացում, Ալեն Սիմոնյանն ասում է՝ ընդամենը տեխնիկական խնդիրներ կային, ամսի 6-ին արտահերթ նիստ գումարելու մտադրությունը մնում է ուժի մեջ։ «Տեխնիկական մի պուճուր շտկման խնդիր կար, զուտ տեխնիկական պատճառներով՝ ևս մեկ անգամ նախագիծը ուսումնասիրելու համար», - նշեց ԱԺ փոխխոսնակը։

Վահագն Հովակիմյանն առաջարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուց կամ ԱԺ-ում ընդունելուց առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելը պարտադիր չհամարել, ինչպես նաև հնարավորություն տալ Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Իմ քայլը» փոփոխությունների գործընթացը չի ուղղելու մեկ մարդու դեմ, սակայն միևնույն ժամանակ ավելացնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա։ «Ինքը իր բոլոր հայտարարություններով, սենց ասեմ, քաղաքական գործչին բնորոշ և քաղաքականությամբ զբաղվող մարդու տեքստերով դրա մասին է խոսել։ Չէ՞ որ դուք ինքներդ հիշում եք այն արտահայտությունը, որ «դա սահմանի մասն է, ես պետք է որպես զինվոր պահեմ», և այլն, և այլն, խրամատը, հա՞, ինչ-որ սենց արտահայտություններ՝ չհասկանալով, որ հակառակ կողմում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ինստիտուտներն են», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, այս պահին դրական չի արտահայտվում Հովակիմյանի առաջարկած փոփոխությունների մասին, սակայն միևնույն ժամանակ ասում են՝ իրենց դիրքորոշումը հստակ կհայտնեն միայն արտահերթի ժամանակ։

«Մենք պետք է կարողանանք թույլ չտալ մեր աշխատանքի մեջ, մեր՝ ես ի նկատի ունեմ ընդհանուր առմամբ համակարգը, որ յուրաքանչյուր մեր ընդունած կամ չընդունած օրենսդրական նախաձեռնությունը ինչ-որ կասկածներ առաջացնի, նա պետք է լինի հիմնավորված», - ընդգծեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյան, արխիվ

ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավորի՝ Միքայել Մելքումյանի ձևակերպումը երեկ ավելի կոշտ էր. - «Էն, ինչ որ հիմա նախապատրաստում է արտահերթ օրակարգով մտնի,, հստակ պետական ինստիտուտների նսեմացման գործընթաց է սկսում»։

Խորհրդարանի հաջորդ խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի խոսքով, իրենց դիրքորոշումը Հովակիմյանի բերած օրենսդրական փոփոխությունների մասին չի փոխվել. իրենք հարցին նայում են՝ ոչ թե անձերի, այլ ինստիտուտների տեսանկյունից ու նկատում են, որ օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը մտնում է մեկ այլ ինստիտուտի տարածք՝ առաջացնելով ակնհայտ խնդիրներ։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

«Նախագիծը իր մեջ առերևույթ հակասահմանադրական նորմեր է նաև պարունակում, և ի սկզբանե արդեն, եղածը ուսումնասիրելով՝ բնականաբար, դեմ ենք դրան։ Բայց նաև պատրաստ ենք լսելու հեղինակի հիմնավորումները, և նիստը կգա, կլինի, հեղինակը կներկայացնի, կտեսնենք՝ ինչպես է հիմնավորում», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Ալեն Սիմոնյանը, իր հերթին, հույս ունի, որ մինչև արտահերթ նիստը «Լուսավոր Հայաստան»ը կկողմնորոշվի՝ «մի քիչ հեղափոխակա՞ն է, թե՞ մի քիչ հների հետ է»։ «Չեմ բացառում, որ ընդդիմության մեր գործընկերները քննարկումների փուլում նաև միանան նախաձեռնությանը, որովհետև սա ևս մեկ շանս է և ևս մեկ հնարավորություն է կոորդինատների շտկման և քաղաքական, ինչու ոչ՝ քաղաքական դիրքորոշումների ճշտման՝ մեր գործընկերների համար», - ասաց ԱԺ փոխխոսնակը։