Դատավորը սանկցիա կիրառեց Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանական կողմի նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, 4 փետրվարի, 2020թ.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով և նախ քննարկման առարկա դարձրեց պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։

Փաստաբանները, ըստ էության, դա որակեցին բոյկոտ դատարանի գործողությունների կամ ավելի ճիշտ անգործության դեմ:
Հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը, պաշտպանների միջնորդություններից մեկին առարկելով, ասել է. - «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»: Դա փաստաբանները որակել էին սպառնալիք և ակնկալում էին դատարանի պատշաճ արձագանքը:

Պաշտպան Արամ Օրբելյանը, օրինակ նշեց, որ իր անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով չի ներկայացել դատական նիստին. - «Դատական նիստի ժամանակ ակնհայտ հնչել է սպառնալիք, ավելին՝ դատական նիստից հետո միջանցքում այդ սպառնալիքը վերարտադրվել է լրագրողներին տրված հարզացրույցներում: Այդ սպառնալիքին ավելացվել է մեկ այլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հավելյալ տեքստը, ավելացել են պնդումներ, որ «դա միգուցե մենք չէ՝ Աստված կպատժի», ինչը անեծք է, ես չեմ ուզում խորանամ անեծքի իրավական կատեգորիաներին այս դատական նիստի շրջանակներում և անեծքի վերաբերմունքին Հայ Առաքելական եկեղեցու կողմից»:

Դատարանն, այնուամենայնիվ, արձանագրեց, որ պաշտպանները չարամտորեն չեն կատարել իրենց պարտականությունները, և նկատողության տեսքով սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ։

«Դատարանն արձանագրում է, որ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, քանի որ պաշտպանների դիրքորոշումներից ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու որևէ հարգելի պատճառ», - հայտարարեց դատավորը:

Այնուհետև քննության առարկա դարձավ պաշտպանների, դատարանի բնորոշմամբ, նույնաբովանդակ միջնորդություններն ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը անմիջապես դադարեցնելու մասին: Նախ միջնորդությունը ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Գրիգորյանը՝ որպես հիմք ներկայացնելով հանցակազմի բացակայությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վերաբերելի էր գործով անցնող բոլոր ամբաստանյալներին, բացառությամբ միջնորդության մեջ տեղ գտած անձեռնմխելիության հատվածին, որը վերաբերելի էր միայն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նկատենք, դատական նիստի ընթացքում պարբերաբար վիճաբանություններ էին լինում տուժող կողմի և պաշտպանների միջև: Վերջիններս պահանջում էին դատարանի արձագանքն իրենց ելույթի ընթացքում տուժողի կողմից հնչող ռեպլիկների վերաբերյալ: Դրանք դատարանի դահլիճին լսելի չէին։

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդը նշանակվեց փետրվարի 11-ին։ Պաշտպանական կողմը կշարունակի իր միջնորդությունը, որից հետո դատարանը կլսի մեղադրող կողմի առարկությունները: