Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանը վստահեցնում է՝ գործի պրոցեսը ձգձգելու միտումներ չունեն


Ռոբերտ Քոչարյանի և մարտի մեկի գործով անցնող մյուս ամբաստանյալների դատավարությունը կրկին հետաձգվեց Արմեն Գևորգյանի և Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով: Քոչարյանի փաստաբանական թիմը ի պատասխան այն քննադատությունների, թե իրենք ամեն գնով փորձում են ձգձգել բուն գործի դատավարությունը, ասում է, թե դատավարական գործընթացն այդ հնարավորությունը տալիս է:

Այս թեմային «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում Հրայր Թամրազյանի հետ զրույցում անդրադարձել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Խուդոյան, կա կարծիք, մասնավորապես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը հավատացած է, որ պաշտպանական կողմը ձգձգում է դատավարական գործընթացը՝ բուն գործի քննությունը, որպեսզի Եվրոպական դատարանը կարծիք հայտնի Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, և Սահմանադրական դատարանն էլ ի վերջո ազատ արձակի երկրորդ նախագահին՝ հիմնվելով հենց այս կարծիքի վրա: Ինչպե՞ս կպատասխանեք այս դիտարկմանը:

Հովհաննես Խուդոյան. - Եվս մեկ անգամ ասեմ ու բազմաթիվ անգամներ ենք ասել, որ մենք գործի պրոցեսը ձգձգելու միտումներ չունենք, այդ գործը այսպես թե այնպես տարիներով քննության ենթակա է, և իմ գործընկերը, կարծում եմ, իր դիտարկումներում ազնիվ չէ, քանի որ երբեք օրինակ այդ հարցը չի բարձրացվել, որ դատարանը շաբաթը մեկ դատական նիստեր է նշանակում և ոչ թե ավելի պարբերաբար: Այդ հարցը չի բարձրացվում, երբ որ դատարանն արձակուրդ է գնում, մեկ ամսից ավելի դատական նիստի քննությունը հետաձգում է, այդ հարցը չի բարձրաձայնվում, երբ Վերաքննիչ քրեական դատարանը շուրջ 2 ամիս առանց որևէ պատճառի գործի քննությունը ձգձգում է, չի վերադարձնում առաջին ատյան, ընդ որում հետագայում վերադարձվում են առանց որևէ հիմնավորման, այսինքն՝ կարող էին նույն օրը վերադարձնել, 2 ամիս գործը հետաձգվում է:

Այդ ժամանակ մեր գործընկերները, չգիտես ինչու, չեն բարձրաձայնում ձգձգումների հարցը, և այդ հարցը բարձրացվում է միայն այն ժամանակ, երբ մենք դատարանին ներկայացնում ենք դատավարության փուլի տրամաբանությունից բխող միջնորդություններ և առարկություններ:

«Ազատություն». - Ի՞նչ կարծիքի եք Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին և նրա տանը կատարված վերջին խուզարկության մասին: Այսպիսի մի դիտարկում անենք, տպավորություն է ստեղծվում, որ իրենց միջև համագործակցություն կա, և կարո՞ղ ենք նման բան ասել, որ կան համաձայնեցված գործողություններ, ասենք Յուրի Խաչատուրովի և մյուսների պաշտպանների ու ձեր միջև կա այդպիսի համագործակցություն: Ուրբաթ օրը տեսանք, որ Միհրան Պողոսյանն էր կանգնած Հրայր Թովմասյանի կողքը: Կարո՞ղ ենք ասել, որ իրեն ինչ-որ իմաստով իրավաբանական օժանդակություն եք ցուցաբերում, թե՞ ոչ:

Հովհաննես Խուդոյան. - Հարցի առաջին մասով ասեմ՝ ինչ վերաբերում է ամբաստանյալների պաշտպանների համագործակցությանը, քանի որ բոլորին առաջադրված է նույն մեղադրանքը, և ըստ էության հիմնականում նույն իրավական դիրքորոշումներն են դրանց հետ կապված, մեր ընդհանուր դիրքորոշումը, կարծես թե, միասնական է լինում, և իրավական հարթության մեջ մեր իրավական առարկությունները համընկնում են: Այդ իմաստով այո, կարող է ընկալվել, որ մենք համատեղ ենք գործում, մինչդեռ յուրաքանչյուր պաշտպան, ելնելով իր մասնագիտական էթիկայից, առաջնահերթ ղեկավարվում է իր վստահորդի շահերով, և եթե այդպիսի շահերը որևէ կերպ հակասության մեջ կմտնեն այլ գործով անցնող այլ անձանց միջև, բնականաբար պետք է դիրքորոշումները տարբերվեն: Այս պահի դրությամբ դեռևս որևիցե հարց չի բարձրացել, որտեղ մեր վստահորդների շահերի անհամապատասխանություն կարող է լինել, մեր առարկություններն այժմ նույն փաստական հանգամանքների, նույն իրավական մեկնաբանությունների շրջանակում են և առայժմ համընկնում են:

Ինչ վերաբերում է պարոն Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի ընթացքին, գործընկերս նաև իր շահերն է ներկայացնում, բնականաբար պարոն Պողոսյանը պրոֆեսիոնալ փաստաբան է և պահանջված փաստաբան է, և չի բացառվում, որ մեկ գործով ներկայացնի և մեկ այլ հնչեղ գործով նույնպես շահեր ներկայացնի: Առնվազն մեր միջամտությունը իր մեկ այլ գործով բացառվում է: Մենք կարող ենք քննարկել ընդհանուր հարցեր այս գործի շրջանակներում, բայց ոչ իր այլ գործերով:

«Ազատություն». - Բայց համագործակցում եք, Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանների միջև կա նման համագործակցություն, նրա ներկայությունը պաշտպանական թիմում Հրայր Թովմասյանի արդյո՞ք հակասություն չեք տեսնում. ի վերջո, Սահմանադրական դատարանը վաղ թե ուշ ինչ-որ մի որոշում պետք է կայացնի կամ արդեն կայացրել է որոշումներ Ռոբերտ Քոչարյանի գործով: Այդտեղ չե՞ք տեսնում շահերի բախում:

Հովհաննես Խուդոյան. - Գուցե այդ հարցը բարձրաձայնվի հետագայում, այս պահին քանի որ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չի կայացրել, դեռևս սպասում ենք որոշումների, այդ հարցն արդիական չէ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG