Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում վստահեցրել է, որ ամերիկյան ընկերությունները ներդրումներ չեն անի մի երկրում, որտեղ չկա օրենքի գերիշխանություն ու ժողովրդավարություն։
Փոմփեոն նախօրեին էր ժամանել Ալմաթի և իշխանությունների հետ դռնփակ բանակցություններից հետո որոշ փակագծեր բացել «Ազատության» ղազախական ծառայության հետ զրույցում. - «Ամենուր և միշտ՝ աշխարհով մեկ, բոլոր հանդիպումների ժամանակ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին: Այդ առումով իրական առաջընթաց ենք տեսել Ղազախստանում։ Տեսել ենք, որ նոր կառավարությունը փոփոխություններ է ձեռնարկում և ճանապարհ բացում բարեփոխումների համար: Դա երևում է նաև ամերիկյան ընկերություններից, որոնց թիվը գնալով ավելանում է: Ամերիկյան ընկերություններ չեն կարող և չեն գնում երկրներ, որտեղ չկա հարգանք օրենքի գերիշանության ու մարդու իրավունքների նկատմամբ»:
Պետդեպարտամենտի ղեկավարն արդեն չորրորդ օրն է շրջագայում հետխորհրդային տարածքում. անցած շաբաթավերջին Փոմփեոն այցելել էր Ուկրաինա, ապա Բելառուս, Ղազախստան, այսօր էլ վերջին կանգառն է արել Ուզբեկստանում:
Փորձագետներն այս երկրների ընտրությունը պատահական չեն համարում: Ուկրաինան առանցքաին նշամակություն ունի Արևմուտքի համար և Ղրիմի բռնակցումից հետո՝ արդեն ավելի քան 5 տարի, ֆինանսական ու ռազմական աջակցություն է ստանում ռուսական ագրեսիային դիմակայելու համար:
Եվ պատահական չէր, որ Կիև ժամանելուն պես, Մայք Փոմփեոն նախ հարգանքի տուրք մատուցեց արևելքում՝ ռուսների աջակցությունը վայելող շրջաներում զոհված զինվորների հիշատակին, հետո էլ հրապարակավ ընդգծեց՝ Վաշինգտոնը Ղրիմի բռնակցումը երբեք չի ճանաչի. - «Այսօր ես այստեղ եմ շատ հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգների համար Ուկրաինայի պայքարը ազատության, ժողովրդավարության ու բարգավաճման համար հերոսության օրինակ է: Եվ այդ պայքարին աջակցելու մեր հանձնառությունը անսասան է։ Մենք աներկբա սատարում ենք այս երկրում ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու՝ նախագահ Զելենսկու ջանքերին»:
Պետքարտուղարի այս հայտարարությունը կարևոր էր ոչ միայն նորընտիր Զելենսկու, այլև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար, ում ընդդիմախոսները հիմա փորձում են պաշտոնանկ անել՝ հենց Ուկարինային վերաբերող մեղադրանքներով:
Կոգրեսական դեմոկրատները, մասնավորապես, պնդում են, թե Սպիտակ տան ղեկավարը ճնշել է Ուկրաինայի նախագահին՝ հանուն սեփական շահերի, ու ցանկալի արդյունքին հասնելու համար սառեցրել է ֆինանսական ու ռազմական օգնությունը պատերազմական վիճակում գտնվող երկրին: Թրամփը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։
Իսկ պետքրատուղար Փոմփեոն Կիևում որոշեց թվեր մեջբերել. - «2017 թվականի հունվարի դրությամբ մենք ավելի քան մեկ միլիարդ դոլարի աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Մեր այս հանձնառությունը մնում է ուժի մեջ, մենք կշարունակենք ֆինանսական օգնությունը, քանի դեռ Ուկրաինան լիովին չի վերականգնել վերահսկողությունն իր տարածքների նկատմամբ»:
Մի քանի ամիս ի վեր ռուսական ճնշումներից է դժգոհում նաև Բելառուսը: Նախագահ Լուկաշենկոն, որ ավելի քան 25 տարի առաջ միութենական պետության հհամաձայնագիր էր կնքել Մոսկվայի հետ, հիմա հրապարակավ հայտարարում է, թե Կրեմլը, նավթի ու գազի գինը բարձրացնելով, հարկադրում է իրենց ամբողջովին զիջել ինքնիշխանությունն ու հրաժարվել պետականությունից:
Ամիսներ ձգված բանակցություններից հետո կողմերն անցած տարեվերջին այդպես էլ համաձայնության չեկան ռուսական նավթի գնի ու մատակարարումների շուրջ, ինչից հետո Լուկաշենկոն հրապարակային օգնության կոչով դիմեց Արևմուտքին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին:
Պուտինի հետ այս տարաձայնությունների ֆոնին այցելելով Մինսկ՝ պետքարտուղարը հենց ինքնիշխանության հարցն առանձնացրեց. - «Միացյալ Նահանգները ուզում է օգնել Բելառուսին իր ինքնիշխան պետությունը կառուցելու հարցում: Էներգետիկ ոլորտի մեր արդյունաբերողները պատրաստակամ են 100 տոկոսով բավարարել նավթի ձեր պահանջարկը՝ մրցունակ գներով: Մենք աշխարհում ամենախոշոր էներգաարտադրող երկիրն ենք: Ձեզ մնում է միայն մեկ բան՝ դիմել մեզ, և վերջ»։
Համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին Մայք Փոմթեոն խոսեց նաև Ղազախստանում և Ուզբվեկստանում:
Մոսկվան առայժմ նախընտրում է չարձագանքել ԱՄՆ պետքարտուղարի շրջագայությանը:
«Մենք չենք կարող և չենք ուզում մեկնաբանել մեր գործընկերների հանդիպումները երրորդ երկրների հետ։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Արտգործնախարարության դիվանագետներից մեկը, սակայն, անանուն մնալու պայմանով ռուսաստանյան «Վեդոմոստի»-ի հետ զրույցում ասել է. - «Մոսկվան պաշտոնապես որևէ բան չի կարող ասել կամ առարկել, սակայն ակնհայտ է, որ վերջին տարաձայնությունների և Ռուսաստանի հասցեին նախագահ Լուկաշենկոյի կոշտ հայտարարությունների ֆոնին Փոմփեոյի այցը հետխորդային երկրներ չի կարող Կրեմլին չանհանգստացնել»: