Փոմփեոն այսօր ավարտում է շրջայցը հետխորհրդային երկրներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, Մինսկ, 1-ը փետրվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Տաշքենդում ավարտում է իր շրջայցը հետխորհրդային երկրներ, որը սկսվել էր հունվարի 31-ին Կիև այցով։ Այնտեղից Փոմփեոն ուղևորվել էր Մինսկ, այնուհետև՝ Նուր-Սուլթան։

Ուզբեկստանում ԱՄՆ պետքարտուղարը մասնակցում է «5+1» գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպում են Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի արտգործնախարարները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Փոմփեոյի շրջագայության հիմնական իրադարձությունը, իհարկե, այցն էր Բելառուս։ Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն է այդ երկիր 1990-ականների սկզբից ի վեր։ Մինսկում ԱՄն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել էին և՛ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, և՛ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ովքեր հյուրին հավաստիացրել էին, որ նա եկել է նորմալ երկիր, որտեղ ապրում են նորմալ մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել կայունության և խաղաղության համար։

Այցն անցնում էր Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Երկու երկրները դեռևս չեն կարողացել համաձայնեցնել Բելառուսին նավթի մատակարարման պայմանները, չեն կարողացել նաև համաձայնության գալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո ստեղծման ճանապարհային քարտեզի շուրջ։ Բելառուսը նույնիսկ սկսել է նավթ գնել Նորվեգիայից և էներգակիրների շուրջ բանակցություններ վարել Ղազախստանի հետ։

ԱՄՆ պետքարտուղարն էլ, իր հերթին, Մինսկին ամերիկյան նավթն է առաջարկել։ «Միացյալ Նահանգները պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել մրցունակ գներով», - Մինսկում ասել է Փոմփեոն։

Հավելենք՝ ԱՄՆ-ը Բելառուսում նույնիսկ դեսպան չունի։ Պետքարտուղարը, սակայն, հայտարարել է, որ առաջիկայում Վաշինգտոնը նոր դեսպան կուղարկի Մինսկ՝ Բելառուսի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Կրեմլը Փոմփեոյի այցին դեռ չի արձագանքել։