Դատավոր Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Դատավոր Արմեն Դանիելյան, արխիվ

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այսօր առավոտյան հրապարակած որոշմամբ մերժեց իր ինքնաբացարկի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը։

Վերաքննիչում ընթանում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատախազության բողոքի քննությունը։

Դատախազությունը բողոքարկել է նախաքննական նյութերի ամբողջ փաթեթը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններին տրամադրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել անցած շաբաթավերջին։

Հիշեցնենք՝ Արմեն Դանիելյանը անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է։