Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը, հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել», - հավելել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև` մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է Արսեն Թորոսյանը, ով իր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման թեստերը` թվով 200: