Միշուստին. Մեր կառավարությունը տրամադրված է Հայաստանի կառավարության հետ շարունակել կառուցողական հարաբերությունները

Kazakhstan -- Armenian PM Nikol Pashinian (L) and Russian PM Mikhail Mishustin. 31Jan., 2020

Այսօր Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նորանշանանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջին հանդիպման ժամանակ հայկական կողմը հայտարարել է երկկողմ լավ ու ջերմ հարաբերությունների մասին, որոնք միշտ կարելի է նոր մակարդակի բարձրացնել, իսկ Ռուսաստանի կառավարության ղեկավարն էլ ընդգծել է, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները դաշնակցային են, Ռուսաստանի նոր կառավարությունը տրամադրված է Հայաստանի կառավարության հետ շարունակել կառուցողական հարաբերությունները։

Ի դեպ, Փաշինյան - Միշուստին հանդիպումը մեկնարկեց Փաշինյանի արած սելֆիով։ «Սելֆին հենց հայկական բառ է», - կատակեց Հայաստանի վարչապետը։

Հանդիպման պաշտոնական մասում հիմնականում խոսք է գնացել երկոկղմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին։

Նիկոլ Փաշինյան. - «Իհարկե, մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հնարավորություն ունենք նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Իհարկե, մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առևտրաշրջանառությունը 2019 թվականին մոտենում է երկու միլիարդ դոլարի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020-ին այդ դինամիկան կպահպանվի: Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019 թվականին ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ: Այնպես որ, ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորած կառավարությունը կպաշտպանի տնտեսական դինամիկան, որն այսօր կա Հայաստանում: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կհանդիպենք նաև Երևանում, քանի որ, ինչպես այսօր նշվեց, այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում»։

Պատասխան խոսքում Ռուսաստանի նորանշանակ վարչպետը հիշատակել է անցած տարի հոկտեմբերին Երևան կատարած իր այցը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով. - «Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերություններ: Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության և առևտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով: Հանրապետությունում գործում են 2 հազար 200 ռուսական ընկերություններ: 2018-ին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով, ինչպես Դուք ասացիք՝ հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17,6 տոկոսով: Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»: