Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ նիստին քննարկվել է եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցը


Աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին, Ալմաթիում (Ղազախստան) Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից

«Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում», - նշել է վարչապետը:

Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», Փաշինյանն ընդգծել է՝ առանձնահատուկ կարևորում են այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա:

Նիստի ընթացքում վարչապետները քննարկել են ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորումների ոլորտում համագործակցությանը և միության ընդհանուր շուկաների ձևավորմանը: Քննարկվել են նաև մի շարք նախաձեռնություններ՝ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու և պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

XS
SM
MD
LG