Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ավարտից հետո քիչ առաջ հայտարարություն տարածեց Հայաստանի արտաքին գերատեսչությունը։

Երկու երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև հանդիպումը Ժնևում տևեց երկու օր, ավելի քան 10 ժամ։ դրան մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Բանակցությունների մասնակցած կողմերը նաև համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ օգնել կողմերին՝ գտնել խնդրի խաղաղ կարգավորումը և կարգավորման գործընթացում պահպանել գաղտնիության սկզբունքը, ինչպես նաև շեշտել են երկարատև և արդար խաղաղության հասնելու գործում ստեղծարարությունը և փոխզիջումների ոգու անհրաժեշտությունը: Համանախագահները հայկական կողմի հայտարարությունում տեղ գտած՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտության մասին ոչինչ չեն հիշակատել:

Նախքան այս հայտարարությունը «Ազատության» հետ զրույցում իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի խոսել խաղաղության մասին։

«Այն է՝ բացառել միջադեպերը սահմանում, ատելության քարոզչությունը, հանցագործների հերոսացումը և այլն։ Նաև պետք է գործընթացը լինի ներառական, այսինքն՝ Արցախը պետք է ներկայացված լինի։ Մենք նաև հասկանում ենք, որ, իհարկե, մեկ օրում այդ համաձայնությունը չի կայանա և դրա համար պետք է աշխատել և գուցե ժամերով օրերով բացատրել նաև հակառակ կողմին, թե ինչու է անհրաժեշտ Արցախի ներկայությունը», - ասաց Զոլյանը։

«Ազատության» հարցին՝ ենթադրո՞ւմ է, որ քննարկումների ընթացքում կարող է նաև այս հարցը քննարկվել՝ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ որևէ սահմանափակում չկա այդ առումով և կողմերը խոսում են այն մասին, յուրաքանչյուր կողմը խոսում է այն մասին, թե ինքը ինչ դիրքորոշումներ ունի։ Սա պահանջում է բավական երկարատև աշխատանք և այս իմաստով որոշակի առաջադիմություն մենք արդեն տեսել ենք, մասնավորապես, Լավրովի այն հայտարարությունը, որն արեց Բաքվում, որ ըստ էության, ընդունեց վարչապետ Փաշինյանի առաջարկած այդ ձևակերպումը, արդեն որոշակի առաջադիմության մասին է խոսում, հիմա պետք է ուղղակի շարունակել աշխատել այդ ուղղությամբ»։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչի՞ շուրջ է քննարկումը, կա՞ արդյոք հստակ փաստաթուղթ սեղանին, Միքայել Զոլյանն արձագանքեց. «Սա կարելի է անվանել բանակցություն բանակցության մասին։ Այսինքն՝ ոչ թե ինչ-որ կոնկրետ հարցեր են քննարկվում, այլ ընդհանրապես կողմերն իրենց դիրքորոշումներն են ներկայացնում և փորձում են հասկանալ միմյանց դիրքորոշումները, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է և իրականում դա կարող է տևել շատ երկար, որովհետև 25 տարի, ըստ էության, այս հարցը մնում է չլուծված։ Իմ անձնական կարծիքով ավելի շատ իմիտացիոն բնույթ է ունեցել մինչև հիմա այդ կարգավորման փորձերը։ Որպեսզի մենք իրական կարգավորմանը կարողանանք անցնել, դրան պետք է շատ լուրջ նախապատրաստական աշխատանք, որը այսօր տեղի է ունենում»։

Արտգործնախարարների նախորդ հանդիպումը Բրատիսլավայում էր դեկտեմբերին, որը ևս երկար տևեց, մոտ 4 ժամ։ Հանդիպումից առաջ Ադրբեջանը ներկայացավ առաջարկների փաթեթով, իսկ հանդիպումից հետո Մամեդյարովը խոսեց «Լավրովի պլանի» առկայության մասին, անգամ նշեց՝ «եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս երկարատև հանդիպումը Ժնևում նույնպես կարող է բավականին ուշագրավ հետևանքներ ունենալ։

«Ադրբեջանը վաղուց արդեն էդ մարտավարությունը կիրառում է և՛ սպառնալիքների, և՛ միջադեպերի հրահրման, բայց կարծում եմ՝ այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանը կարող էր համոզվել, որ այս սպառնալիքները չեն աշխատում։ Հիմա մենք գիտենք, որ Ադրբեջանում ներքին քաղաքական գործընթացներ են՝ ընտրություններ, և այս ընտրությունը նաև ավելի մեծ մի գործընթացի մի մասն է, որը կարելի է անվանել քաղաքական էլիտայի երիտասարդացման փորձ։ Բացառված չի, որ նաև կարող են իշխանության փոխանցման ինչ-որ գործընթացներ լինեն և այս իրավիճակում, կարծում եմ, Ադրբեջանի իշխանությունները, եթե ռացիոնալ գործեն, ապա հենց իրենց առաջին հերթին ձեռնտու չէ ինչ-որ իրավիճակի սրումը, քանի որ բոլորը հասկանում են, որ ցանկացած էսկալացիա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց այն կողմի համար, որը կարող է նման էսկալացիա ձեռնարկել, այսինքն Ադրբեջանի համար», - նշեց պատգամավորը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ ինչպես և Բրատիսլավայի այնպես էլ Ժնևի հանդիպումցի հետո Ադրբեջանը նորից հանդես կգա կոշտ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրում մի հանգամանքի՝ սա նշանակում է, որ ադրբեջանցիները դժգոհ են ինչ-որ բանից։

«Մերոնք տանում են շատ ճիշտ, իմ կարծիքով, քաղաքականություն, անընդհատ խուսափում են ընդունել այն փաստը, որ վերսկսվեցին բանակցությունները, քանի որ ի՞նչ է նշանակում վերսկսվեցին բանակցությունները, ուրեմն դուք Մադրիդյան սկզբունքների շուրջ սկսեցիք ինչ-որ բովանդակալից, մերոնք խուսափում են ու ճիշտ են անում, քանի որ մերոնք առաջ են տանում վստահության մթնոլորտի ստեղծումը։ Կարծում եմ, որ նույնիսկ այդպես համբերատար, երկար բանակցությունները կամ քննարկումները ավելի ճիշտ են, քան թե նորից լարվածությունը մեծանա։ Ադրբեջանը շտապում է, Ադրբեջանը դեմ է ստատուսքվոյի պահպանմանը։ Հիմա եթե դու մերժես ի սկզբանե, չգնաս հանդիպումների, պարզ է կսկսեն կրակել, դա ոչ ոքի պետք չի, Աստված ոչ անի՝ սխալ անեն, հակահարված կստանան ու որտե՞ղ պատերազմը կավարտվի, իրեց տարածքում», - ասաց Ստեփան Գրիգորյանը։