Իսրայելի վարչապետը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Մերձավոր Արևելքի կարգավորման՝ Թրամփի ծրագիրը

Ռուսաստան-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, 30 հունվարի, 2020թ.

Իսրայելի վարչապետը ժամանել է Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ քննարկելու Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:

Շաբաթասկզբին ներկայացված այդ՝ 80 էջանոց փաստաթղթի հիմքում երկու պետության գաղափարն է՝ վիճահարույց մի շարք տարածքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունն ամրագրելու պայմանով: Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր 50 միլիարդ դոլարի ներդրումներ անել Պաղեստինում, եթե տեղի իշխանությունները հրաժարվեն զինված պայքարից:

Իսրայելն իր հերթին, ըստ ծրագրի, կպարտավորվի 4 տարի, քանի դեռ Պաղեստինի պետականության շուրջ բանակցություններ են ընթանում, սառեցնել նոր բնակավայրերի շինարարությունը: Պաղեստինը մերժել է այս առաջարկը, ՄԱԿ-ն ու Եվրամիությունը զուսպ են արձագանքել: