Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Մերձավոր Արևելքի կարգավորման ծրագիրը, որը երեկ ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` անվանելով «դարի գործարք»:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նեթանյահուի և Պուտինի բանակցությունները տեղի կունենան վաղը՝ հունվարի 30-ին։ Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ծրագրի մասին հայտնի կլինի թերևս վաղը Նեթանյահու-Պուտին բանակցություններից հետո։ Ռուսաստանցի փորձագետները չեն բացառում, որ Մոսկվան ընդունի այն, եթե ամերիկացիները ռուսներին առաջարկեն լուրջ մասնակցություն ծրագրի իրականացման հարցում։
Իսրայելի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի այս ծրագիրը Մերձավոր Արևելքում «կայունության, խաղաղության իրատեսական ծրագիր է»:
«Մենք պատրաստ ենք ընդունել այս ծրագիրը և բանակցություններ սկսել դրա շուրջ պաղեստինցիների հետ, եթե նրանք նույնպես ընդունեն ծրագրի սկզբունքներն ու ճանաչեն Իսրայել պետությունը», - ասել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, երեկ Միացյալ Նահանգների նախագահը Իսրայելի վարչապետի ներկայությամբ հայտարարել էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման իր ծրագրի մասին՝ նշելով, թե այն «տարբերվում է հակամարտության կարգավորման շուրջ նախկին բոլոր առաջարկներից»։ Թրամփի պլանի հիմքում երկու պետության գաղափարն է: Թրամփի ծրագրի համաձայն՝ Պաղեստինի մայրաքաղաքը պետք է լինի Արևելյան Երուսաղեմում, սակայն միևնույն ժամանակ Թրամփն ասում է, թե Երուսաղեմը պետք է մնա Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաքը, այսինքն՝ առաջարկում է պաղեստինցներին և հրեաներին նույն մայրաքաղաքն ունենալ։
ԱՄՆ նախագահը պաղեստինցիներին խոստանում է տարածքի կրկնապատկում, բայց միևնույն ժամանակ Իսրայելին է թողնում մեծ բնակավայրեր Հորդանան գետի արևմտյան ափին: Պաղեստինի կողմից Իսրայելը ճանաչելու դիմաց Իսրայելը խոստանում է 4 տարի նոր բնակավայրեր չկառուցել, իսկ Թրամփը` մեծ ներդրումներ՝ շուրջ 50 միլիարդ դոլարի:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը Թրամփի այս ծրագրին արդեն բացասական է արձագանքել՝ ասելով, թե «Երուսաղեմը չի վաճառվում», իսկ Թրամփի և Նեթանյահուի գործարքը պետք է գնա «պատմության աղբարկղը»: Աբբասը շեշտել է, որ պաղեստինցիները պատրաստ են բանակցությունների, բայց ոչ ԱՄՆ-ի հետ և ոչ Թրամփի ծրագրի շուրջ:
Պաղեստինցիները շարունակում են պնդել իրենց պետության ճանաչումը 1967-ի սահմաններով, իսկ Իսրայելը կտրականապես դեմ է դրան:
Արտաքին քաղաքականության Վաշինգտոնյան խորհրդի փորձագետ Իլոն Բերմանը համարում է, որ չնայած Թրամփի ներկայացրած ծրագիրը միանշանակ մշակվել է՝ հաշվի առնելով Իսրայելի առաջնահերթությունները, հատկապես Երուսաղեմի և Հորդանանի շուրջ պաղեստինցիներին առաջարկվել է շատ ավելի գրավիչ պայմաններ, քան սպասում էին շատ վերլուծաբաններ:
«Իմ կարծիքով՝ տնտեսական օգնության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ խոստումները, խոսքը մոտ 50 միլիարդ դոլարի մասին է, դժվար կլինի միանգամից մերժել», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է փորձագետը: Բերմանը հավելում է, որ Իսրայելի հարաբերություններն արաբական աշխարհի հետ այսօր ավելի նորմալ են, քան նախկինում, և արաբական երկրներից մի քանիսը գոնե հաստատ կաջակցեն Թրամփի ներկայացրած ծրագրին, և պատահական չէ այն, որ երբ Թրամփը ներկայացնում էր իր ծրագիրը, ներկա էին Միացյալ Նահանգներում Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի դեսպանները: