Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ժնևում շարունակվում է

Ժնևում արդեն երկրորդ օրն է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Երեկվա հանդիպումը տևել էր ավելի քան 7 ժամ։ Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպումից մանրամասներ դեռ չի հայտնում, կառույցի խոսնակ Աննա Նաղդալյանը միայն տեղեկացնում է, որ «անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակին»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական
կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նախարարների հանդիպման երկարատևությունը «բովանդակալից քննարկման առկայությամբ» է պայմանավորում։

«Այո, այս ձևի հանդիպում պետք է, պետք չի վախենալ ու հակառակը՝ պետք է գնալ, դա շանս է տալիս, որ լարվածությունը չմեծանա կամ մնա այն մակարդակին, որը կա, բայց անպայման, որ չշահարկվի այն փաստը, որ բավական երկար քննարկում էին հարցերը ու չուղղվի Նիկոլ Փաշինյանի դեմ ու իրա կառավարության, անպայման Արտգործնախարարությունը մեր պետք է հանդիպումի ավարտից հետո հայտարարությունով հանդես գա», - նշեց Գրիգորյանը։

Արտգործնախարարների նախորդ հանդիպումը Բրատիսլավայում էր դեկտեմբերին, որը ևս երկար տևեց, մոտ 4 ժամ։ Հանդիպումից առաջ Ադրբեջանը ներկայացավ առաջարկների փաթեթով, իսկ հանդիպումից հետո Մամեդյարովը խոսեց «Լավրովի պլանի» առկայության մասին, անգամ նշեց՝ «եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս երկարատև հանդիպումը Ժնևում նույնպես կարող է բավականին ուշագրավ հետևանքներ ունենալ։ Քաղաքագետը չի բացառում, որ ինչպես և Բրատիսլավայի այնպես էլ Ժնևի հանդիպումից հետո Ադրբեջանը նորից հանդես կգա կոշտ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա՝ սա նշանակում է, որ ադրբեջանցիները դժգոհ են ինչ-որ բանից։

«Մերոնք տանում են շատ ճիշտ, իմ կարծիքով, քաղաքականություն, անընդհատ խուսափում են ընդունել այն փաստը, որ վերսկսվեցին բանակցությունները, քանի որ ի՞նչ է նշանակում վերսկսվեցին բանակցությունները, ուրեմն դուք Մադրիդյան սկզբունքների շուրջ սկսեցիք ինչ-որ բովանդակալից, մերոնք խուսափում են ու ճիշտ են անում, քանի որ մերոնք առաջ են տանում վստահության մթնոլորտի ստեղծումը։ Ես չեմ բացառում, որ ինչքան որ երկար չխոսեցին, մերոնք հետ չկանգնեցին այդ գծին, որ վստահության մթնոլորտի ստեղծում, կայունացում իրավիճակի շփման գծում, նոր մենք կանգնենք բանակցությունների ու չի բացառվում՝ եթե իրենք չկարողացան փոխել դիրքորոշումը Հայաստանի, իրենք կանեն կոշտ հայտարարություններ, բայց մենք դրան սովոր ենք։ Կարծում եմ, որ նույնիսկ այդպես համբերատար, երկար բանակցությունները կամ քննարկումները ավելի ճիշտ են, քան թե նորից լարվածությունը մեծանա։ Ադրբեջանը շտապում է, Ադրբեջանը դեմ է ստատուսքվոյի պահպանմանը։ Հիմա եթե դու մերժես ի սկզբանե, չգնաս հանդիպումների, պարզ է կսկսեն կրակել, դա ոչ ոքի պետք չի, Աստված ոչ անի՝ սխալ անեն, հակահարված կստանան ու որտե՞ղ պատերազմը կավարտվի, իրեց տարածքում», - ասաց Ստեփան Գրիգորյանը։