Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ընդունված գործառույթի համաձայն` հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - հավելել է նա:
Հանդիպումը մեկնարկել էր կեսօրից քիչ անց` տևելով մոտ 7 ժամ: Նախքան այդ էլ Զոհրաբ Մնացականյանն առանձին հանդիպում է ունեցել ղարաբաղյան միջնորդների հետ։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում՝ անցած տարի դեկտեմբերին: Հանդիպումից առաջ Ադրբեջանը ներկայացավ առաջարկների փաթեթով, իսկ հանդիպումից հետո ադրբեջանցի արտգործնախարար Մամեդյարովը խոսեց «Լավրովի պլանի» առկայության մասին:
Մամեդյարովը ասել էր, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այնուամենայնիվ, նրա խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: