Եվրախորհրդարանը հաստատեց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագիրը

Եվրոխորհրդարանի անդամները Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի քվեարկությունից հետո, 29 հունվարի, 2020թ.

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը («Բրեքզիթ»): Կողմ է քվեարկել 621 պատգամավոր, 49-ը դեմ են եղել, 13-ը՝ ձեռնպահ:

Համաձայնագիրը վերջնական հաստատում պետք է ստանա նաև ԵՄ Խորհրդի կողմից: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա այսօր:

Հունվարի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը չխնդրի անցումային շրջանի երկարաձգում, ապա 2021 թվականին Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մաքսային պատնեշ կառաջանա: Նախկին կանոնները կկիրառվեն միայն Հյուսիսային Իռլանդիայի համար: