Դատախազությունը հաստատել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն այսօր ուղարկել դատարան։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Արևիկ Խաչատրյանը։
Դատական դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը դեռ չեն ստացել, և այն որևէ դատավորի դեռևս մակագրված չէ:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Ըստ ՀՔԾ-ի՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:
Սարգսյանի փաստաբանի հետ «Ազատությանն» այսօր կապ հաստատել չհաջողվեց, բայց ավելի վաղ Ամրամ Մակինյանը, անդրադառնալով այս թեմային, գործը բացառապես քաղաքական էր գնահատել, իսկ առաջադրված մեղադրանքը ապօրինի որակել. - «Հիմա մենք արդեն ծանոթացել ենք գործի նյութերին ու կարող ենք փաստել, որ մեր այն սկզբնական հայտարարությունները, որ այս գործում չկան և չեն կարող լինել ապացույցներ, որոնք կփաստեն ու կհիմնավորեն պարոն նախագահի առնչությունն իրեն մեղսագրված արարքին, հիմա հաստատում ենք, չկան ապացույցներ: Սա ոչ այլ ինչ է, քան պարոն նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդում», - ասել էր նա:
Մինչդեռ գործը քննող քննիչ Արտաշես Մայիլյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ երրորդ նախագահը քաղաքակն հետապնդման չի ենթարկվում. - «Քաղաքական հետապնդման մասին իրենց դիրքորոշումը ևս ընդունում եմ պաշտպանական թիմի տակտիկայի սահմաններում։ Մինչև էս պահը ոչ հրապարակային ելույթների, ոչ հարցազրույցների և ոչ էլ կոնկրետ գործի քննության ընթացքում ես չեմ ստացել որևէ պարզաբանում, թե այ ինչո՞վ է դա քաղաքական, այ եթե քաղաքական, ինչի՞ց ելնելով են մարդիկ պնդում, որ քաղաքական է այս մեղադրանքը, կամ քրեական հետապնդումը քաղաքական բնույթ է կրում», - նշել էր քննիչը։
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործով մեկ այլ մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը «Ազատությանն» ասաց՝ դեռևս վաղ են համարում նախաքննության վերաբերյալ որևէ գնահատական հնչեցնելը: Ասաց՝ կսպասեն առաջին դատական նիստին: