Նարեկ Մալյանին առևանգելու գործով դատական նիստը հետաձգվեց

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյան, արխից։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբամանը նետելու գործով դատական նիստն անցավ առանց տուժող կողմի:

Մալյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, թե նոր է վերադարձել Հայաստան և նիստին մասնակցել չի կարող։

Առևանգման փորձ կատարելու համար մեղադրվողներների՝ «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Հրաչյա Խլղաթյանի, Յուրի Ավագյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդեց վերադարձնել իր պաշտպանյալների անձնագրերը, կարճել հարուցված քրեական գործը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց քննարկել պաշտպանական կողմի առաջին միջնորդությունը։

Ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանի պնդմամբ՝ առանց անձնագրի չեն կարողանում որոշ գործողություններ իրականացնել. - «Կան մարդիկ, որոնք այս մեկ տարում անձը հաստատող փաստաթուղթ չեն ունեցե»։

Պետրոսյանը հավելեց, թե սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը թույլ չի տա, որ իրենք երկրից դուրս գան՝ նույնիսկ եթե անձնագիրն իրենց մոտ լինի. - «Մենք երկրից այնքան ժամանակ չենք բացակայելու, մինչև այս հարցն ու շատ այլ հարցեր չլուծվեն։ Մեզ համար վիրավորական է, որ, կլինի դատախազը, ոստիկանությունը կամ ինչ-որ մեկը, կարող է մտածել, թե մենք կփորձենք լքել երկիրը, որպիսզի մեր ենթադրյալ հանցանքի համար պատիժ չկրենք»։

Դատավորը Դավիթ Հարությունյանը բավարարեց այս միջնորդությունը. - «Դատարանը գտնում է, որ հնարավոր է անձը հաստատող բոլոր փաստաթղթերի բնօրինակները վերադարձել ամբաստանյալներին, անհրաժեշոտթյան դեպքում՝ նրանց պահանջով»։

Դատավորը հավելեց, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակման հարցը հաջորդ նիստի ընթացքում կքննարկեն, իսկ ինչ վերաբերում է գործը կարճելու միջնորդությանը, դատարանը տուժող կողմին պետք է լսի։

Այսքանով նիստը հետաձգվեց, իսկ թե երբ կշարունակվի դեռ հայտնի չէ, օրը պիտի հստակեցվի կողմերի հետ։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը գործը կարճելու միջնորդության մասին ասում է, թե գործի փաստերի և իրավական վերջնական որակման միջև կապ չկա. - «Քննիչը մեղադրական եզրակացությունում առևանգման հանցակազմի տարրերը և էն նպատակը, թե Մալյանին ուր պիտի տանեին, ինչ պիտի անեին, նշված չի։ Եթե նշած չի, դա նշանակում է, որ գործի փաստերի և իրավական գնահատականի միջև կապ չկա, և վարույթը պետք է կարճվի»։

Մեղադրական եզրակացությունում գրված է՝ արդեն ամբաստանյակի աթոռին նստած 6 երիտասարդները նախնական համաձայնության գալով, խմբի կազմում մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում բռնություն գործադրելով, փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրեն կամքից անկախ հանգամանքներով»։

«Ռեստարտ»-ի անդամները Նարեկ Մալյանի հանդեպ կատարած գործողությունները պայմանավորում են վերջինիս՝ իրենց հասցեին հնչեցրած հրապարակային հայհոյանքներով։

Այս միջադեպից հետո համացանցում տարածվեց «աղբի տեղն աղբամանում է» հեշթեգը: Մեժլումյանի գնահատմամբ, գործը կարող է կարճվել անգամ առանց ապացույցներն ուսումնասիրելու։