Արտգործնախարարությունը հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից

Չինաստան - Ուհան քաղաքում շտապ նոր հիվանդանոց են կառուցում՝ բուժելու նոր տիպի կորոնավիրուսով վարակվածներին, 27-ը հունվարի, 2020թ.

Արտգործնախարարության հյուպատոսական վարչությունը հայտարարարությամբ է հանդես եկել նոր տիպի կորոնավիրուսի վարակի կապակցությամբ՝ Հայաստանի քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

«Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի հետ», - ասված է հայտարարությունում:

Հյուպատոսական վարչությունը հայտնում է, որ կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Չինաստանում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Վերջին տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում անցել է 2800-ը, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը՝ 82-ը: Հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարևան երկրներում,Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում: