Մատչելիության հղումներ

Արգելվել է Չինաստանից Հայաստան կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը


Նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով Հայաստանը արգելել է Չինաստանից և չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքով՝ 2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներկրվել մոտ 15 տոննա ծովամթերք, իսկ հունվարի 1-ից մինչ արգելքի ներդրումը շուրջ 1000 կիլոգրամ

«Արդեն ներկրվածի մասով, բնականաբար, իր ուղեկցող փաստաթղթերով, լաբորատոր փորձաքննություններով այդ ամբողջն անցած է և բնականաբար ստուգվում է, նոր ներկրվում է։ Էս պահին արդեն էնտեղից որևէ մթերք կենդանական ծագման ներմուծվել չի կարող», - ասաց Հարությունյանը։

Սա ընդունված պրակտիկա է, ասում է ՍԱՏՄ խոսնակը, երբ Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ այս կամ այն երկրի շրջանում կամ ողջ երկրում վիրուս կա, այդ շրջանը կամ ողջ երկիրը որևէ մասով փակվում է Հայաստանի համար:

«Հիմա ողջ երկիրն է փակվել այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ հայտարարություն կլինի, որ խնդիրը վերացած է և կարող ենք արդեն ներմուծել թույլ տալ», - նշեց նա

Թոքերն ախտահարող, թոքաբորբի առաջացմանը նպաստող վիրուսի տեսակը, որը նախկինում չի հանդիպել, բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ այնտեղ Հայաստանի երեք քաղաքացի կա։

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հայաստանի երեք քաղաքացիների հետ, որոնք ներկայումս գտնվում են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։ Առայժմ նրանց վարակված լինելու մասին տվյալներ չկան։ Մենք կոչ ենք անում Չինաստանում բնակվող Հայաստանի բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարներն ու բնակության հասցեները ուղարկել Հայաստանի դեսպանատան էլեկտրոնային փոստին», - ասված է հայտարարությունում։

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 80-ի, վարակվածների թիվը՝ 2700-ի, հայտնում են երկրի իշխանությունները։

Նոր շնչառական վիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից, վարակով հիվանդությունների դեպքեր են արձանագրվել Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում:

Այս վարակի մուտքը Հայաստան կանխելու նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ ստուգումներ է անցկացնում Հայաստանի սահմանային անցակետերում և «Զվարթնոց» օդանավակայանում։

«Հիմնական ստուգումը կատարվում է հեռահար ջերմաչափի սարքերի միջոցով, սակայն, բացի դրանից, կատարվում է ամբողջական ինֆորմացիայի հավաքում ժամանող ուղևորների մասին, հատկապես Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունից ժամանող ուղևորների մասին», - ասաց բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշի-համաճարակաբանն իրենց ծառայության ընթացակարգն է ներկայացնում, հատկապես Չինաստանից ժամանող ուղևորների մասին նախնական տեղեկություն են ստանում ավիափոխադրողներից, նրանց նկատմամբ հսկողությունն ավելի խիստ է։

«Լրացվում են ուղևորների տեղակայման հասցեական քարտեր, որոնք հետագայում ուղարկվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, կենտրոնական ապարատ ու Առողջապահության նախարարության հետ համատեղ կատարվում են նշված անձանց նկատմամբ հսկողություն՝ տվյալ վարակի առավել ինկուբացիոն շրջանի տևողությամբ։ Կոնկրետ այս պարագայում 14 օրվա մասին է խոսքը», - նշեց Կարապետյանը։

Բժիշկ-համաճարակաբանն ընդգծում է՝ իրենք այս գործն անում են միշտ, 24-ժամյա ռեժիմով, պարզապես այժմ ուշադրության կենտրոնում են Չինաստանից ժամանողները։

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հորդորում է միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը։ Դե իսկ Չինաստանում գտնվողներին նախարարությունը կոչ է անում խուսափել կամ բացառել հատկապես ծովամթերքի շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ ու շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ, օգտագործել դիմակներ։ Չինաստանից վերադառնալիս էլ գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

XS
SM
MD
LG