ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել «Բրեքզիթ»-ին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել «Բրեքզիթ»-ին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ մեկնաբանությամբ։

«Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանի ընթացքում՝ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի ավարտը», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է այս շարունակականությանը և պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մինչև 2020 թվականի ավարտը Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում կայունության և որոշակիության ապահովման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը ստորագրել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի մասին օրենքը:

Օրենքը նախատեսում է, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս կգա մինչև հունվարի 31-ը: Դրանից հետո կսկսվեն բանակցությունները Եվրամիության հետ առևտրի նոր համաձայնագրի շուրջ: