«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը` շրջապատված ոստիկաններով, Երևան, 23 հունվարի, 2020թ.

«Էրեբունի պլազա» հյուրանոցում օրերս կրակոցներ արձակած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, հունվարի 23-ին` 14:40-ի սահմաններում, ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ ահազանգ էր ստացել, ու դրանից հետո անմիջապես օպերատիվ խմբեր էին մեկնել հյուրանոց: Զինված տղամարդու հետ բանակցություններ էին տարվել, որից հետո նրան տեղափոխել էին ոստիկանություն:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով՝ զենքի գործադրմամբ և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: