Չինաստանի իշխանությունները զգուշացրել են` կորոնավիրուսը տարածվում է մինչև դրա ախտանիշների ի հայտ գալը

Չինաստանի իշխանությունները զգուշացնում են` մահաբեր կորոնավիրուսը, որն արդեն առնվազն 57 մարդու կյանք է խլել, տարածվում է մինչև դրա ախտանիշների ի հայտ գալը` էլ ավելի բարդացնելով համաճարակի կանխումը:

Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել է` վիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության:

Վերջին տվյալներով` նոր վիրուսով ախտահարված է ավելի քան երկու հազար մարդ: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը: