Գագիկ Ծառուկյանն իր ղեկավարած խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մեծ աղմուկ հանած հայտարարությունը ոչ թե մեկ, այլ երկու, երեք անգամ է լսել ու վիրավորական ոչինչ չի գտել։
Հենց Պետրոսյանի ելույթից հետո երեքշաբթի օրն Ազգային ժողովում կրքերն այնքան բորբոքվեցին, որ վեճն արդեն վերածվում էր ձեռնամարտի։ Քրեական ենթամշակույթը քրեականացնող նախագծին դեմ Պետրոսյանը ամբիոնից հայտարարեց՝ «գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել»։
Օրինագծի հեղինակը կառավարությունն է։
Որևէ խմբակցությունում չընդգրված պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով, պետությանը վիրավորանք էր հասցվել ու նա ԲՀԿ-ից պահանջեց ներողություն խնդրել դրա համար: Բոլորն այլ բան էին հասկացել, իսկ Պետրոսյանը պնդում էր՝ ինքը որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել:
Ծառուկյանն այս հարցում Պետրոսյանի համախոհն է․ - «Նայել եմ երկու-երեք անգամ, և պետական շահին դեմ կամ որևիցե մի անհատի, կուսակցության դեմ վիրավորական որևէ բան ես չեմ տեսել։ Եվ այդպիսի բան չկա այնտեղ»։
Ելույթից հետո «Բարգավաճ Հայաստանի» և «Իմ քայլի» պատգամավորներն էին շրջապատել Արման Բաբաջանյանին, որպեսզի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնող մի քանի ԲՀԿ-ականներ չկարողանան մոտենալ նրան:
Այս միջադեպին էլ Ծառուկյանի գնահատականները խիստ չեն՝ սադրանք էր, որից առաջացավ պոռթկում, որը հաճելի չէր. - «Երկու կողմից էլ՝ և՛ «Իմ քայլի», և՛ «Բարգավաճի», որ պոռթկումներ եղան, դա իհարկե պետք է չլիներ։ Բայց մարդիկ էսօր ռոբոտներ չեն, մարդիկ են։ Լիարժեք այդ սադրանքից հետո առաջացան պոռթկումներ երկու կողմից էլ։ Դա հաճելի չի, ցանկալի չի»։
Ազգային ժողովի փոխնախագահ,Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») տարակուսած է՝ ի՞նչ կապ ունեն «Իմ քայլի» պատգամավորները, որոնք փորձել են կանխել Արման Բաբաջանյանի նկատմամբ «հարձակումը». - «Չգիտեմ մարդիկ ռոբոտներ են, թե ռոբոտներ չեն, բայց մարդիկ, ովքեր որ Ազգային ժողովում են գտնվում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, պետք է պարկեշտության կանոնների չափանիշներ ունենան։ Եվ շատ ցավում եմ, որ պարոն Ծառուկյանը խիստ չի դատապարտել և չի դատապարտում իր գործընկերների գործելաոճը, որը որ բերում է այն մտքին, որ ինքը տեղյակ է եղել այն ամենից, ինչը որ տեղի է ունեցել, և այն վարվելակերպը, որը որ դրսևորվում է կոնկրետ մեկ պատգամավորի կողմից՝ Պետրոսյան Գևորգի կողմից, կարծում եմ, որ դա դրա ցուցիչն է, որը շատ դատապարտելի է։ Եվ կրկնում եմ, թող պարոն Ծառուկյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր գործընկերները հայտարարություններ անելիս ավելի լավ ծանոթանան այն ամենին, ինչ որ տեղի է ունեցել, այն մասնակիցներին և այն պատճառներին, որոնք որ բերել են այն իրավիճակին, որի մասին մենք խոսեցինք»։
Հարցին, թե անձամբ ինքը Պետրոսյանի խոսքերում վիրավորանք տեսե՞լ է, Սիմոնյանն արձագանքեց. - «Չի կարելի Ազգային ժողովի մակարդակը իջեցնել փողոցային մակարդակի։ Վիրավորական է ինքնին վերաբերմունքը ի սկզբանե։ Նման ձևով, նման բառապաշարով Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ ոչ ոք չի խոսելու»։
Հենց այս միջադեպից հետո Սիմոնյանը չէր բացառել, որ հարցը կարող է հասնել Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որը հիշեցնեմ, կարող է ստեղծվել խմբակցություններից որևէ մեկի նախաձեռնությամբ ու Ազգային ժողովի որոշմամբ:
Սիմոնյանն այսօր ասաց, որ դեռ շարունակում են հարցը։ քննարկել: