«Արդշինբանկը» Հայաստանի համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի պարտատոմսեր է թողարկել միջազգային շուկայում՝ ըստ էության, այդքան ներդրում ապահովելով հայաստանյան տնտեսության համար, ընդ որում՝ ցածր տոկոսադրույքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն»՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրելով. «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ նշեց, որ սա վկայում է հայաստանյան տնտեսության նկատմամբ արտերկրի ներդրողների աճող հետաքրքրության մասին։
«Սա միանշանակ դրական ազդակ է կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից և նման խոշոր տեղաբաշխումը եվրոբոնդերի մասնավոր ոլորտի կողմից առաջին անգամ է, գիտեք, որ 500 միլիոն դոլարի եվրոբոնդեր Հայաստանի Հանրապետությունն ինքն էր թողարկել մի քանի ամիս առաջ։ Սա միանշանակ դրականորեն է ազդելու կապիտալի շուկայի վրա, որը հնարավորություն է տալիս նոր գործիքակազմեր օգտագործել՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու և մասնավորապես արդեն մասնավոր ոլորտի համար։ Կարծում եմ՝ նաև տոկոսադրույքը բավականին խոսուն թիվ է ցույց տալիս մեզ, խոսքը 6,5 տոկոսի մասին է գնում, եթե չեմ սխալվում, դա նշանակում է, որ ռիսկերը բավականին մեղմված են։ Այսինքն՝ սա դրականորեն է ազդելու նաև ենթադրաբար վարկային տոկոսադրույքների վրա ընդհանուր շուկայում», - նշեց Ավինյանը։
Օրերս հրապարակվել էր Համաշխարհային բանկի զեկույցը՝ Global Economic Prospects, ըստ որի առաջիկա երեք տարիներին Հարավային Կովկասում Հայաստանն ունենալու է ամենաբարձր տնտեսական աճը։ Ընդ որում, եթե միջազգային հեղինակավոր այդ կազմակերպությունը Ադրբեջանի ու Վրաստանի պարագայում նվազեցրել էր նրանց տնտեսական աճի կանխատեսումը, ապա Հայաստանի պարագայում բանկում գտնում են, որ տնտեսական աճը ավելի բարձր է լինելու՝ իրենց նախորդ, 2019 թվականի հունիսի կանխատեսման համեմատ։
Ըստ Համաշխարհային բանկի, 2019 թվականը Հայաստանը փակել է 6,9 տոկոս աճով, այս տարի կունենա՝ 5,1 տոկոս, 2021 թվականին ավելի բարձր՝ 5,2 տոկոս, նույնքան էլ 2022 թվականին։
Հայաստանի կառավարության գնահատականն ավելի բարձր է. էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախորդ շաբաթ հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը 2019 թվականը փակել է առնվազն 7,5 տոկոս աճով։
«Արդշինբանկի» ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պարտատոմսերի թողարկման գործընթացը սկսվել է նախորդ տարի։
«Երբ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պարտատոմսեր, եվրո պարտատոմսեր էր թողարկել, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջ նույնպես աննախադեպ ցածր տոկոսադրույքով Հայաստանի պատմության համար, և ինչն ավելի կարևոր էր՝ այդ նույն օրերին Հայաստանի վարկանիշը երկու վարկանիշային ընկերություններ՝ «Մուդիսն» ու «Ֆիթչը» բարձրացրել էին, ինչը թույլ էր տվել պետությանը թողարկել նոր պայմաններում և բնական է ավելի բարենպաստ պայմաններով։ Ակնհայտ էր նաև մեզ, որ եթե պետությունը սուվերեն պարտատոմս է թողարկում, հաջորդ մասնավոր այդ պետությունից հանդես գալը շուկայում կլինի տրամաբանական և հաջողություն կունենա», - ասաց «Արդշինբանկի» ֆինանսական տնօրենը։
Սարգսյանն ընդգծեց՝ բանկն իր պարտատոմսերը թողարկել է առանց Հայաստանի կառավարության երաշխիքի։ Ցյուրիխում, Մյունխենում, Լոնդոնում, Նյու Յորքում և Բոստոնում կայացել են հանդիպումներ ներդրողների հետ, որից հետո էլ պարտատոմսերը թողարկվել են։
«Բանկն իր գործունեությունը վարում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, մեր աուդիտորական ընկերությունն, այսպես կոչված, մեծ չորս աուդիտորական ընկերություններից մեկն է, և բանկը դեռևս 2007 թվականից ունի վարկանիշ միջազգային «Մուդիս» ընկերության կողմից և 15 թվականից նաև «Ֆիթչ» ընկերության կողմից, ինչը նույնպես չափազանց կարևոր է ներդրողների համար։ Մեր բանկի վարկանիշը գրեթե միշտ բացառություն փոքր, շատ կարճ ժամանակահատվածներից եղել է հավասար պետության վարկանիշին», - նշեց Սարգսյանը։
Դավիթ Սարգսյանի խոսքով, միջազգային շուկայում նման ծավալի պարտատոմսեր վաճառելը ցույց է տալիս, որ օտարերկրյա ներդրողները դրական են գնահատում Հայաստանի տնտեսությունում ընթացող զարգացումները և ունեն դրական սպասումներ։
«19 թվականը ավարտել է Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր տնտեսական աճով ու դա փաստ է, ընդ որում՝ վերջին երեք տարիներին այդ տնտեսական աճը կամ մենք թիվ մեկ երկիրն ենք եղել կամ՝ երկու։ Երկրորդը՝ անցած տարի աննախադեպ արտայժույթի ներհոսք է եղել երկիր։ Սպասումները 2020 թվականի համար, ինչպես, օրինակ, մեր բանկի, համապատասխան անալիտիկների, նաև մեր գործընկերների շուկայում, նաև տնտեսագետների արտասահմանում, դրական են նաև 20 թվականի համար և հենց նաև այս պատճառով, հաշվի առնելով, որ մենք ունենք դրական սպասումներ տնտեսության վերաբերյալ, մենք նաև որոշում կայացրեցինք այս գումարի ներգրավումն իրականացնել, որովհետև մի բան է ներգրավել, նաև խնդիր կա՝ տեղաբաշխել», - ասաց «Արդշինբանկի» ֆինանսական տնօրենը։