Հայաստանի տնտեսությունը 2019 թվականը փակել է առնվազն 7.5 տոկոս աճով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նման աճը որակելով թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարվա զարգացումների չափազանց կարևոր ձեռքբերում։
Հեղափոխական՝ 2018թ.-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել էր 5.2 տոկոսով. - «Հատկապես առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը, 9.3 տոկոս տնտեսական ակտիվություն է արձանագրվել 11 ամիսների ընթացքում արդյունաբերության ոլորտում, ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9.2 տոկոս աճ, շինարարությունը՝ 4.5 տոկոս, և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ մենք 2019 թվականին, չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ մենք կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ», - մանրամասնեց նա:
Համաշխարհային բանկի օրերս հրապարակած Global Economic Prospects զեկույցի համաձայն՝ առաջիկա 3 տարիներին Հարավային Կովկասում Հայաստանն ունենալու է ամենաբարձր տնտեսական աճը։ Ըստ բանկի՝ 2019 թվականը Հայաստանը փակել է 6.9 տոկոս տնտեսական աճով, իսկ այս տարի կունենա 5.1 տոկոս, 2021 թվականին ավելի բարձր՝ 5.2 տոկոս, նույնքան էլ 2022 թվականին։
Էլ ավելի վաղ ուշագրավ տվյալներով էր հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամը, թե մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը 2019թ. առաջ է անցել Վրաստանից, իսկ այս տարի կանցնի նաև Ադրբեջանից։ Ըստ IMF-ի՝ 2019 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4530 դոլար, Վրաստանում՝ ավելի քիչ՝ 4290, իսկ Ադրբեջանում՝ ավելի շատ՝ 4690, սակայն արդեն այս տարի Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4760, Ադրբեջանում այն կկազմի 4720, իսկ Վրաստանում է՛լ ավելի քիչ՝ 4630 դոլար։
Նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ անցած տարվա միայն առաջին 9 ամիսներին մասնավոր հատվածում զբաղվածների թիվն աճել է մոտ 40 հազարով. - «9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունը, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ, և ըստ ոլորտների դա բաժանվում է մոտավորապես հետևյալ կերպ՝ 5300-ը դրանցից վերաբերում են մշակող արդյունաբերությանը, 12400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 4300 աշխատատեղեր ավելացել են կացության և հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի և տեղեկատվության, 2100-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2700-ն՝ այլ ծառայություններին»:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչ Թադևոս Ավետիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անշուշտ, դրական է, որ աճ է գրանցվել, սակայն աճի տեմպն է դանդաղել. - «Դրականն այն է, որ 2018 թվականի համեմատ 2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է՝ 5.6 տոկոսից դառնալով 7.5 տոկոս, բայց աճի միտումն է նվազել, մինչև իշխանափոխությունը մենք արձանագրել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշ 7.7 տոկոս 2017 թվականին: Եվ ավելին ասեմ, որ 2018 թվականը մենք մեկնարկել էինք էլ ավելի բարձր տեմպերով՝ 9.5 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել հունվար-ապրիլին, որից հետո արդեն մենք գիտենք, որ տարիկ փակվեց 5.6 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ինչ վերաբերում է պատճառներին, կարևոր է նշել հետևյալ հիմնական պատճառները. արտահանման աճի տեմպն է էապես նվազել, 2017-ին 24 տոկոս արտահանման աճի փոխարեն 2019-ը փակեցինք մոտ 9 տոկոս արտահանման աճով, իսկ 2018 թվականին 9.8 տոկոս էր, այսինքն՝ արտահանման պերմանենտ կրճատման ցուցանիշի, տեմպի կրճատման հետ գործ ունենք», - ասաց նա: