Խորհրդարանական թեժ շաբաթը. «Ըստ էության»

Այս շաբաթ միջադեպեր տեղի ունեցան Ազգային ժողովում՝ քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի քննարկումների ժամանակ։ Ամեն ինչ սկսվեց «Բարգավաճ Հայաստան»-ից Գևորգ Պետրոսյանի ելույթից, որին արձագանքեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Խորհրդարանական թեժ շաբաթն են քննարկում Նանե Սահակյանը և Կարլեն Ասլանյանը «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերի՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից Արմեն Փամբուկչյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Իվետա Տոնոյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանի և «Պառլամենտ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի հետ։

Ստորև՝ հատված հաղորդումից.

Իվետա Տոնոյան. - Գևորգ Պետրոսյանի ասածի ենթատեքստը հետևյալն էր, որ եթե պայքար է մղվում քրեական ենթամշակույթի դեմ, ապա նույն պատրաստակամությամբ պետք է պայքար մղվի նաև երեք տառից բաղկացած այլ երևույթների դեմ, ինչին, ի դեպ, ասեմ, որ, այսպես, բուռն քննարկման առարկա դարձավ պարոն Պետրոսյանի այդ հայտարարությունը։ Ես իրականում չգիտեմ, թե Արման Բաբաջանյանը հատկապես ինչի էր էդպես վիրավորվել էդ ձևակերպումից և ինչի նման նախաձեռնողականությամբ հանդես եկավ, կարծում եմ՝ առիթ կլինի իրենից ճշտելու, թե հատկապես ինչու ինքը, իրեն այդպես...

«Ազատություն». - Ինքը ասել է, հենց անմիջապես միջադեպից հետո բացատրեց, որ...

Տոնոյան. - Առիթ չեմ ունեցել իր հետ խոսելու, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս պահին դա չենք քննարկում, բայց դրանից անմիջապես հետո, անմիջապես դրանից հետո իմ շատ հարգելի գործընկեր Հայկ Կոնջորյանը, ի պատասխան հնչած քննադատություններին և այլն, նշեց, որ նույն պատրաստակամությամբ իրենք պատրաստ են պայքարել նաև չորս տառից բաղկացած երևույթների դեմ, և ասաց՝ «վստահ եմ, բոլորդ հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը»։ Էստեղ երևակայության շատ լայն դաշտ, կարծում եմ, կարող է յուրաքանչյուրը ունենալ և մտածել, թե ինչ ի նկատի ուներ պարոն Կոնջորյանը, սակայն եթե մենք պարոն Պետրոսյանի այս մեկ արտահայտությունը դարձրել ենք խորհրդարանական մեր այս քառօրյայի, էսպես, քննարկման հենքը, երբ որ ինչի՞ նույն խանդավառությամբ չենք քննարկում պարոն Կոնջորյանի՝ չորս տառից բաղկացած երևույթների դեմ պայքարելու մասին հայտարարությունը։

Արմեն Փամբուկչյան. - Ամեն ինչ այդպես չէր լինի, եթե Գևորգ Պետրոսյանի վարքագիծը շարունակաբար այդպիսին չլիներ, որովհետև այս մեկ տարվա ընթացքում, տեսագրությունները կան, այսինքն՝ մարդիկ հետևել են և տեսել են, որ Գևորգ Պետրոսյանը հիմնականում գալիս ԱԺ ամբիոնից անում է երբեմն արտահայտություններ՝ հեգնական արտահայտություններ, ինչ-որ տեղ՝ վիրավորական արտահայտություններ կառավարող մեծամասնության հասցեին, առհասարակ խորհրդարանի հասցեին և ստանում է համարժեք պատասխան։

Ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանի պատասխաններին, ես նշեմ, որ Գևորգ Պետրոսյանը եկավ և հեգնեց այդ նախագիծը, որը որ լրիվ այլ բանի մասին էր այդ նախագիծը, այսինքն՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, և նա եկավ ինչ-որ հեգնական բաներ ասեց, մեր գործընկեր Հայկ Կոնջորյանը ելավ և հեգնական պատասխանեց, որ այո, հարկ եղած դեպքում մենք տարբեր քանակի տառեր պարունակող բառերի դեմ կպայքարենք։

Անի Սամսոնյան. -Ընդհանրապես, ունեմ մի սկզբունք, որ չեմ հատում անհատական սահմանը, կարմիր գիծը և չեմ վիրավորում որևէ մեկին։ Բայց վերջին օրերին ես հասկացա՝ եթե որևէ մեկը իրեն թույլ է տալիս գնահատականներ հնչեցնել ամբիոնից իմ հասցեին, դա պիտի ստանա համարժեք պատասխան։ Եթե որևէ մեկը փորձ է անում ընդդիմությանը նվաստացնել այդ ամբիոնից միայն այն բանի համար, որ ինքը ստացել է 70-80 տոկոս ձայն, իսկ ընդդիմությունը ստացել է ավելի քիչ ձայն, որ իրեն սիրում է հեղափոխական զանգվածը, իսկ ընդդիմությանը հայհոյում են Ֆեյսբուքում, և ըստ այդմ իրեն դա թույլատրելի է, և ինքը ունի բացառիկ իրավունք՝ վիրավորելու ընդդիմությանը, բայց ընդդիմությունը իրավունք չունի, ուրեմն՝ ես պետք ասեմ, որ դա արդար չի։ Եվ մենք ասել ենք՝ ցանկացած խոսք, վիրավորական խոսք, որը կհնչի, և փորձ կարվի նսեմացնել որևէ կերպ մեր գործը, մեր աշխատանքը, մեր անձը այդ ամբիոնից, ստանալու է համարժեք պատասխան։

«Ըստ էության» հաղորդաշարի հունվարի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.